211652_close_icon
views-count1213 դիտում article-date 14:49 22-09-2024

Տեղի է ունեցել Հայ Կաթողիկե Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը

Հռոմի Նիկողայոս Դոլենդինացու եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե առաջնորդ` Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը` ձեռամբ Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի` Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Հայրապետի, առընթերակայությամբ Գերպ. Անտոն Վրդ. Նորատունկյանի և Գերպ. Գևորգ Վրդ. Սարգիսյանի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Հայ Կաթողիկե  Առաջնորդությունից, ձեռնադրակից եպիսկոպոսներն են եղել Արհեապատիվ Գրիգոր Եպս. Պատիշահը և Արհ. Ներսես Եպս. Զապարյանը, խարտավիլակությամբ` Արհ. Տ. Պետրոս Արք. Միրիաթյանի, արարողապետությամբ` Գերհ. Մաշտոց Ծ. Վրդ. Զահթերյանի և Գերպ. Սահակ Վրդ. Քեշիշյանի, ներկայությամբ` Արևելյան Եկեղեցիների ժողովի վարիչ Կարդինալ Կլաուդիո Գուջերոթիի և նույն Արևելյան Եկեղեցիների ժողովի վարիչ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի, նաև այլ կարդինալների, եպիսկոպոսների,  քահանաների և նորաօծ ձեռնադրյալ արքեպիսկոպոսի ծնողների։ 

Նշենք, որ Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրամանով՝ Զմմառի Պատրիարքական Կղերի անդամ Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը նշանակվել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ, ով մինչ օրս վարել է Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Պատրիարքական փոխանորդի և Զմմառի Վանքի մեծավորի պաշտոնը՝ նրան տալով Սեբաստիայի Հայերի Արքեպիսկոպոսական Աթոռը՝ արքեպիսկոպոսի տիտղոսով: Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը  ծնվել է 1968թ. նոյեմբերի 16-ին Հալեպում։ 

Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը հաջորդում է 2021թ. սեպտեմբերին ընտրված Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս պատրիարքին, ով Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկեների առաջնորդի պաշտոնը վարել է 2011-2021թթ., իսկ 2022թ. Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը թափուր աթոռին` որպես Առաքելական կառավարիչ, նշանակել էր Գերպ. Հայր Միքայել Վրդ. Բասսալեին։

Նմանատիպ նյութեր