211652_close_icon
views-count931 դիտում article-date 18:41 13-09-2024

Թվային հարթակով կառուցապատման թույլտվությունների ստացման հայտերի թիվն աճում է

Հայաստանի 4 մարզեր շարունակում են քաղաքաշինական թույլտվությունների ստացման հայտեր ընդունել urban.e-gov.am հարթակով։ Oգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 12-ը Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում միասին էլեկտրոնային եղանակով ներկայացվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու 1498 հայտ (Կոտայք՝ 601, Արարատ՝ 460, Արմավիր՝ 354, Լոռի՝ 83 ):

Հայտերի թվով առաջինն Արարատի մարզի Մասիս համայնքն է, երկրորդը՝ Կոտայքի մարզի Աբովյան, իսկ երրորդը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքը։

Հարթակի միջոցով այս ընթացքում ներկայացվել է շինարարության թույլտվություն ստանալու 376 հայտ։ Ընդ որում, սեպտեմբերի առաջին 12 օրերի ընթացքում ավելի քան կրկնակի շատ հայտեր են ներկայացվել, քան ամբողջ օգոստոսի ընթացքում։ Oգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 12-ը Կոտայքի մարզում ներկայացվել է 172 հայտ, Արմավիրում՝ 94, Արարատում՝ 85, իսկ Լոռիում՝ 25։ Շինթույլտվություն ստանալու հայտերի քանակով առաջատարը Կոտայքի մարզի Նաիրի համայնքն է, այնուհետև՝ Արարատի մարզի Մասիս համայնքը, իսկ երրորդը հավասարապես Արմավիրի մարզի Վաղարշապատ և Կոտայքի մարզի Աբովյան համայնքներն են։

Հիշեցնենք, որ կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու նպատակով յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի՝ ժամը 16։00-18։00-ն, կազմակերպվում են խորհրդատվական հանդիպումներ «VX Soft» ընկերության գրասենյակում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)): 

Քաղաքաշինության կոմիտե
 

Նմանատիպ նյութեր