211652_close_icon
views-count373 դիտում article-date 12:24 09-09-2024

Հայաստանը պետք է իր շահերից ելնելով մասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն դիտարկմանը, որ համացանցում շրջանառվում է, թե ՀՀ իշխանությունները կարծես թե հետ են կանգնում դեպի Եվրոպա գնալու մտքից, ինչի պատճառը նաև ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելն է:

«Նախ եկեք հասկանանք, թե ինչու է ԱՊՀ-ն այդքան կարևոր, որովհետև ԱՊՀ հիմքերից մեկը հանդիսանում է Ալմա Աթայի հռչակագիրը, որով այսօր ՀՀ-ն իր բոլոր բանակցային ուղղություններով աշխատանք է տանում, և մենք չենք կարող մերժել մի ֆորմատ, որի հիմնական փաստաթուղթը մեր բանակցային հիմնական խոսակցությունների մեջ որպես հիմք է դրված: Դա նաև անվտանգային առումով շատ կարևոր է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

«Մենք, ես մշտապես ասել եմ, որ չպետք է մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնենք, և մեր արժեքային համակարգը և տրամաբանությունը որևիցե ձևով չեն փոխվել: Դա լինելու է ՀՀ տնտեսության, իրավունքների, արժեքային համակարգին համահունչ ուղղություն, և այդ ուղղությունը շարունակվում է»,- ասաց նա:

ԱԺ նախագահն անդրադարձավ նաև ԲՐԻԿՍ-ից ակնկալիքներին: «Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ին, այո՛, որոշում է կայացվել: Տնտեսական առումով ՀՀ-ն կարևոր կապեր ունի, և ես չեմ կարծում, որ մենք պետք է մեզ տարածաշրջանից դուրս դնենք: Եվ տեսնում եք, որ տարբեր երկրներ նույնպես ձգտում են այս իրավիճակում, երբ տարբեր պատժամիջոցներ են գործում, և տարբեր ճանապարհներ են փնտրվում երկրների, գերտերությունների կողմից տնտեսական ռիսկերը տեղափոխելու որևիցե ձևով, Հայաստանը, այո՛, պետք է իր շահերից ելնելով, մասնակցի»:

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

Հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի վարչապետի մակարդակով։

Նմանատիպ նյութեր