211652_close_icon
views-count1345 դիտում article-date 21:19 16-07-2024

Ուզրա Զեյան բարձր է գնահատել ՆԳՆ բարեփոխումների արդյունքներն ու հաստատել ԱՄՆ շարունակական աջակցությունը

Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ռազմավարական գործընկերոջ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ցուցաբերած շարունակական աջակցությունը, որը հենված է ժողովրդավարության զարգացման նույն արժեհամակարգի վրա:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և լավ կառավարման նոր նշաձողեր, ինչի դրսևորումներից էր նաև ժողովրդավարական նոր ինստիտուտի, ոստիկանության ոլորտի բարեփոխումների տրամաբանական առաջնորդի՝ Ներքին գործերի նախարարության ձևավորումը։

Վահե Ղազարյանի խոսքով՝ ոլորտային բարեփոխումների հիմքում ընկած հանրային պահանջի և քաղաքական վճռորոշ կամքի առկայության ապացույցն է 2021 թվականին ստեղծված և արդեն 2023 թվականին ամբողջ հանրապետությունում ներդրված Պարեկային ծառայությունը, որը հանրային անվտանգության ապահովման գործում տպավորիչ արդյունքներ է գրանցել։ Իսկ Սևանա լճում և ափամերձ տարածքներում գործարկված Ջրային պարեկային ծառայությունը քաղաքացիներին նոր ոճի ծառայություն է ապահովում։

Անդրադառնալով Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի՝ որպես քաղաքացիներից ստացվող ահազանգերի սպասարկման, պարեկային կարգախմբերի օպերատիվ կառավարման և ոստիկանական ուժերի համատեղ գործողությունների համակարգման նոր և ժամանակակից մոդելի ստեղծմանը՝ նախարարը նշել է, որ այն հավակնում է դառնալ հանրապետական մեկ միասնական զանգերի կառավարման կենտրոն՝ միավորելով ոստիկանության, փրկարար ծառայության և շտապօգնության ահազանգերի կառավարումը և քաղաքացիներին մեկ կետից մատուցելով որակյալ ծառայություն։

Նախարարն ընդգծել է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումների նախանշված ուղղությունների կենսագործման կարևորությունն ու վստահություն հայտնել, որ համատեղ մեկնարկվող նոր ծրագիրը թույլ կտա կադրային նոր որակ ապահովել։

Նախարարը նշել է, որ արդեն իսկ ձեռնարկված միջոցառումները նպաստել են ոստիկանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչի վկայությունն են նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի և ԵԱՀԿ կողմից պատվիրակված հարցումների արդյունքները՝ գոհունակության 62 տոկոս և վստահության 72 տոկոս ցուցանիշներով:

Վերստին երախտիքի խոսք ուղղելով նախարարությունում ընթացող բարեփոխումների հավակնոտ նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ երկկողմ ռազմավարական գործընկերությունն ընդլայնվելու, նոր ուղղություններ թիրախավորելու ներուժ ունի, ինչը խթան է ոստիկանության նկատմամբ հանրային ավելի մեծ վստահություն ձևավորելու հարցում։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից ողջունելով և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված շուրջ երեք տասնամյակ սերտ և արդյունավետ համագործակցությունը, որն այս պահին ամուր է, քան երբևէ։

Անդրադարձ է կատարվել Ներքին գործերի նախարարության ձևավորմանը և ընդգծվել նախարարության հետ սերտ գործընկերության կարևորությունն ու արդյունավետությունը։

Պետքարտուղարի տեղակալը հատուկ ընդգծել է կրթական համակարգի բարեփոխման հարցում ԱՄՆ գործուն աջակցության տրամադրման մասին։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է ոստիկանության ոլորտի բարեփոխումներին աջակցության ԱՄՆ հանձնառությունն ու ընդգծել, որ իրենց կողմից նախարարությունը լիակատար աջակցություն ունի՝ հավակնոտ օրակարգի ամբողջական իրականացման ուղղությամբ: Նա պատրաստակամություն է հայտնել խորացնելու հարաբերությունները, որը հիմնված է երկու ժողովուրդների սերտ կապերի, ինչպես նաև մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների վրա։

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր