211652_close_icon
views-count111151 դիտում article-date 15:10 07-07-2024

Արտшկարգ դեպք՝ Եղեգնաձորում հայտնի «Եղեգն» ռեստորանում. բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցների մեջ կա բանկի մասնաճյուղի կառավարիչ, 3 հոգի վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 7-ին, խուլիգանություն, ծեծկռտուք և վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող Եղեգն» ռեստորանային համալիրում, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որն այնուհետև շարունակվել է փողոցում, ինչի հետևանքով էլ 3 քաղաքացի վրաերթի է ենթարկվել։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը, ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանը։

Մինչ դեպքի վայր ժամանելը, «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվում, որ 3 հոգու, մարմնական վնասվածքներով, բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխել են հիվանդանոցներ։

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզում եմ, որ ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 123 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Մուրադյանը, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված ճանապարհը հատող հետիոտներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Սողոմոնյանին, 45-ամյա Ենոք Նազարյանին և 43-ամյա Հովիկ Սարգսյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիների և բժիշկների հետ վիրավորներին տեղափոխել «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, ինչից հետո վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Արդեն դեպքի վայր են ժամանում ոստիկաններն ու պարեկները, ապա դեպքի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տաթևիկ Սահակյանի գլխավորությամբ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հայտնաբերվել են վրաերթի ենթարկվածների կոշիկները, մեկը՝ ավտոմեքենայի տակ, երկուսը՝ ավտոմեքենայից բավականին հեռավորության վրա։ Դրսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ վրաերթից առաջ՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածի աջակողմյան տարածքում գտնվող «Եղեգն» ռեստորանային համալիրում բանակից զորացրվելու կապակցությամբ կազմակերպված է լինում միջոցառում։ Այդ ժամանակ ռեստորանի բակում հայհոյանքներ հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել միջոցառման մասնակիցներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Սողոմոնյանի, 45-ամյա Հովիկ Սարգսյանի, 41-ամյա Գարիկ Սարգսյանի (Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են) և ռեստորանի հաճախորդներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 32-ամյա Գեղամ Վարդանյանի, ով հայաստանյան հայտնի բանկերից մեկի Եղեգնաձորի մասնաճյուղի կառավարիչ է, 31-ամյա Ռոմիկ Վարդանյանի, ով հայաստանյան հայտնի բանկերից մեկի Եղեգնաձորի մասնաճյուղի վարկային մասնագետ է, 31-ամյա Գեղամ Բադալյանի, 33-ամյա Տիգրան Բադալյանի (Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են) միջև։

Վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետև տեղափոխվել է ռեստորանի տարածքից դուրս՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի եզր, որի ժամանակ նշված անձինք քաշքշել, բռունցքներով հարվածել են միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ և բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել նշված ռեստորանում միջոցառման մասնակիցների նկատմամբ որը տևել է մոտ 20 րոպե ու այդ ժամանակ էլ փողոցում տեղի է ունեցել վրաերթ:

Այս դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր