211652_close_icon
views-count1147 դիտում article-date 21:03 06-07-2024

«Կոչ եմ անում բոլոր ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանում փոփոխություններ, այժմվանից ակտիվ լինեն». Վահան Բաբայան

Այսօր կայացած «Ռեֆորմիստների» կուսակցության 4-րդ համագումարում հաստատվեց նոր խմբագրությամբ կուսակցության կանոնադրությունը, ընտրվեցին կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի (գործադիր մարմին), վերստուգիչ մարմնի նոր կազմեր: Կուսակցության նախագահ վերընտրվեց Վահան Բաբայանը:

Վահան Բաբայանը ելույթում նշելով, որ կուսակցությունը հիմնադրվել է ութ տարի առաջ, շարունակեց. «Այն ժամանակ մենք ապրում էինք բոլորովին ուրիշ Հայաստանում, որտեղ կար հայկական Արցախ, որտեղ Գանձասարում, Ամարասում, Ղազանչեցոցում եւ հարյուրավորն այլ եկեղեցիներում հնչում էր հայերեն աղոթքը, որտեղ աշխարհի բոլոր հայերն իրենց երջանկությունն էին վայելում: Ունեինք հաղթանակած ու կայացած երկու պետություններ՝ իրենց բոլոր թերություններով ու դեռեւս չլուծված հարցերով հանդերձ: Ունեինք ազգային հեղինակություն միջազգային բոլոր հարթակներում, ունեինք երաշխավորված անվտանգություն, ապագայի նկատմամբ հույս ու հավատ, միմյանց հանդեպ հանդուրժողականություն եւ միասնություն: Այսօր մենք ապրում ենք պարտված, կապիտալացված, Արցախը կորցրած, արհավիրքի դաժան հետքերը բոլորիս հոգիներում դաջված, առանց իրական դաշնակիցների, առանց վաղվա օրվա նկատմամբ անվտանգային երաշխիքի, ինքնիշխանությունն օրեցօր կորցնող, պառակտված ու տգիտությամբ իբրեւ թե կառավարվող այլ պետությունում: Դրանք տարբեր աշխարհներ են, որոնք անհամեմատելի են այնպես, ինչպես նախկին դրախտը չես համեմատի այսօրվա դժողքի հետ»:

Նա նաեւ նշեց, որ «Ռեֆորմիստների» կուսակցությունը հիմնադրման առաջին օրից հայտարարել է, թե դեմ է հեղափոխությունների միջոցով երկրի զարգացմանը:

«Այն ժամանակ մեզ չլսեցին: Շատերն ասում էին, թե ո՞ւր է հեղափոխությունը, որին դուք դեմ եք: Եկավ չարաբաստիկ 2018 թվականը, եւ մենք տեսանք, թե ուր է հեղափոխությունը, որտեղից է ներմուծվել եւ ամենակարեւորը, թե ինչպիսի աղետ ու արհավիրք է իր հետ բերում այդ հեղափոխությունը»,-շարունակեց նա:

Aravot.am-ի հետ առանձնազրույցում Վահան Բաբայանը ասաց.

«Ստիպված գնալու ենք 2026 թվականի ընտրություններ եւ համարում ենք, որ հնարավոր է լավ արդյունք գրանցել, քանի որ փողոցում պրոցեսները բավականին բարդ են ընթանում: Հաշվի առնելով տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններ՝ մեր նման ուժերը նախընտրական քարոզարշավը հիմիկվանից պետք է սկսեն: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում բոլոր ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանում փոփոխություններ, այժմվանից պատրաստվեն ու ակտիվ լինեն: Դա միջոց, սահմանադրական գործիք է, որով մենք կարող ենք, իրոք հաղթել: Ով ինչքան ձայն կտանի, ժամանակը ցույց կտա, բայց մենք հավատում ենք, որ դա ճանապարհ է, որը պետք է օգտագործել, քանի որ տեսանք, համենայն դեպս, վերջին տարիներին, որ այլ ճանապարհները՝ փողոցի ճնշում եւ այլն, չեն բերում արդյունքի:

Աշխարհն էլ գնում է փոփոխությունների, հասարակության պահանջներն ու ցանկություններն են փոխվում եւ ըստ դրա մենք պետք է հարմարեցնենք մեր քարոզչությունը: Մեր համագումարի կարգախոսն է.

«Աշխատանք եւ զարգացում», եւ մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է ունենա զարգացում՝ առաջին հերթին անվտանգային, տնտեսական, սոցիալական, բոլոր առումներով: Եվ մենք կմտնենք այդ դաշտ»,-ասաց Վահան Բաբայանը:

Նմանատիպ նյութեր