211652_close_icon
views-count43453 դիտում article-date 21:35 04-07-2024

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 6 ավտոմեքենաներ, այդ թվում՝ Չարենցավան-Երևան երթուղու «Գազել»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 20 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Եղիշե Սիմոնյանի վարած «Կամազ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Համլետ Շեկյանի վարած մարդատար «Գազել»-ը, որից հետո «Կամազ»-ն ընդհարվել է կայանված վիճակում գտնվող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Opel»-ին, որն էլ առաջ հրվելով ընդհարվել է կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ ընդհարվել է առաջնամասում կայանված «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 70-ամյա Մերի Շահբազյանը, 25-ամյա Քրիստինե Սարիբեկյանը, 22-ամյա Նատալյա Համբարձումյանը և 61-ամյա Սարգիս Սարգսյանը մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նշան Թադևոսյանն ու պարեկ Դավիթ Սիրունյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար «Գազել»-ն սպասարկում է Չարենցավան-Երևան թիվ 275 երթուղին:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+

Նմանատիպ նյութեր