211652_close_icon
views-count823 դիտում article-date 12:55 27-06-2024

Բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դերակատարում ունի պետությունների մրցունակության, անվտանգության եւ կենսամակարդակի բարձրացման գործում. Հակոբ Արշակյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 26-ին Մատենադարանում մասնակցել է «Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության» (ASOF) երրորդ տարեկան համաժողովին, հայտնում են ԱԺ-ից։
«Հայաստանը ցանկանում է լինել հաջողակ եւ մրցունակ երկիր: Այդ նպատակին հասնելու համար մենք մշակում ենք մի շարք ծրագրեր»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին` ասել է Հակոբ Արշակյանը:

Որպես ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավար` ԱԺ փոխնախագահը ներկայացրել է խորհրդի կատարած աշխատանքները: Նրա խոսքով բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դերակատարում ունի պետությունների մրցունակության, անվտանգության եւ կենսամակարդակի բարձրացման գործում: Նշելով, որ յուրաքանչյուր պետություն ունի կրթության, գիտության զարգացմանն ուղղված իր մշակած ռազմավարությունը, Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջնահերթ ուղղությունները, որոնց հետ կապված խորհուրդն իրականացնում է աշխատանքներ: Փոխնախագահը նշել է, որ խորհրդի շրջանակում ձեւավորվել են արհեստական բանականության, ռոբոտաշինության/ավիատիեզերական, միկրոէլեկտրոնիկայի, բիոտեխնոլոգիաներ եւ կյանքի գիտությունների, քվանտային տեխնոլոգիաների, կրթության, գիտության, արդյունաբերության աշխատանքային խմբեր:

Միջազգային արդյունավետ փորձի եւ աշխատանքային խմբերի ուսումնասիրությունների հիման վրա էլ պետք է մշակվի գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությունը:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել «Հայ մշակութային եւ գիտական ընկերակցությանը» նման ձեւաչափով համաժողով կազմակերպելու համար` մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

«Հայ մշակութային եւ գիտական ընկերակցությունը» (ASOF) համախմբում է աշխարհի 34 երկրներից 312 գիտնականների եւ փորձագետների` ավելի քան 200 մասնագիտական ուղղություններով: ASOF անդամներից 55-ն աշխարհի լավագույն 100 համալսարաններում գործող դասախոսներ եւ հետազոտողներ են: Առաքելությունն է օգնել Հայաստանի կրթական եւ գիտահետազոտական հաստատություններին գրանցել համաշխարհային մակարդակի աճ եւ համագործակցային կապերի ամրապնդմամբ վերջիններիս ներգրավել գիտակրթական համաշխարհային ցանցում:
Ամենամյա համաժողովը ASOF անդամների համար հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող թեմաների շուրջ նոր գաղափարներ եւ նախագծեր:

Նմանատիպ նյութեր