211652_close_icon
views-count49403 դիտում article-date 08:45 07-06-2024

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածը փակ է․ ՆԳՆ-ն ներկայացրել է շրջանցիկ ճանապարհները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը։ Շրջանցիկ ճանապարհներն են․

Երևան-Սևան՝ Աբովյան-Ջրաբեր հատվածով,

Սևան-Երևան՝ Չարենցավան-Նոր Գեղի հատվածով։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 6-ին, պայթյուն և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գազալցակայանում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով խոշոր հրդեհ էր բռնկվել։

Կան վիրավորներ, այրված ու մոխրակույտի վերածված ավտոմեքենաներ, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից։

Ժամանել էին մեծ թվով հրշեջ-փրկարարական ջոկատներ, տեղում աշխատել են մեծ թվով բժիշկներ, պարեկներ, ոստիկաններ։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Եգոր Կարապետյանը, Դավիթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը:

Դեպքի վայր էին ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։

Տեղում էին նաև Կոտայքի մարզի դատախազը, դատախազի տեղակալները։

Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանը: 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարաչության պետ Գևորգ Սեդրակյանը և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանը:

Տեղում աշխատել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալներ Արամայիս Բաբայանի, Օգսեն Հարությունյանի, Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գրիգոր Դալլաքյանի, Տիգրան Բաղյանի, Վազգեն Բադալյանի և Հովհաննես Թաթոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ժամը 02։00-ի դրությամբ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել մարզային ստորաբաժանումներից 6 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ, Երևանի քաղաքի ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ, Աբովյանի քաղաքապետարանի 6, Երևանի քաղաքապետարանի 5 ջրատարներ և կամավոր 2 ջրատար։  

Դեպքի վայրում են եղել նաև ԲԱՎ, ՃԿԱԿ և ՀՓԱԿ օպերատիվ և հերթապահ խմբերը։

ԼՐԱՑՈՒՄ
07/06/24
09:30

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են վիրավորների ինքնությունը:  

Նրանք են՝

Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Կարապետ Սիմոնյանը, Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գևորգ Չերքեզյանը, ովքեր «պոլիտրավմա, մարմնի բազմակի շրջանների ջերմային այրվածք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Lուսավուրիչ» բժշկական կենտրոն:

Իսկ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Հարութ Խաչատրյանը, Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Լեո Հայրապետյանը, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մհեր Գևորգյանը, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Աբրահամյանը և Երևանի բնակիչ 61-ամյա Լևոն Ստեփանյանը «զույգ վերին վերջույթների 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որոնցից մի մասն այնուհետև տեղափոխվել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն:  


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 536+
536+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր