211652_close_icon
views-count469 դիտում article-date 11:35 13-04-2024

Իտալիայի վարչապետը փոխնակ մայրությունն «անմարդկային պրակտիկա» է անվանել

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ փոխնակ մայրությունը «անմարդկային պրակտիկա» է, երբ երեխաներին վերաբերվում են որպես «սուպերմարկետային ապրանքների»:

Ըստ Reuters-ի՝ Իտալիայի կառավարության ղեկավարը կոչ է արել խորհրդարանին ընդունելու օրինագիծ, որը քրեական պատասխանատվության է ենթարկում  նրանց, ովքեր արտասահման են մեկնում փոխնակ մորից երեխա ստանալու համար։

Փոխնակ մայրությունն արդեն անօրինական է Իտալիայում և պատժվում է ազատազրկմամբ և տուգանքներով: Սակայն Մելոնիի աջակողմյան կոալիցիան իր պահպանողական օրակարգի շրջանակում խոստացել է ավելի խիստ արգելք մտցնել:

«Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ արգանդդ վարձով տալը ազատության ակտ է, ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ երեխաներին սուպերմարկետում առանց դեղատոմսի ապրանքի պես վարվելը սիրո ակտ է», - ասել է Իտալիայի վարչապետը Հռոմում անցկացված միջոցառման ժամանակ։

«Ես համարում եմ, որ արգանդի վարձակալության պրակտիկան անմարդկային է, և աջակցում եմ առաջարկվող օրինագծին, որով այն համընդհանուր հանցագործություն կհամարվի», - ընդգծել է Մելոնին:

Իտալիայի խորհրդարանը քննարկում է Մելոնիի «Իտալիայի եղբայրներ» կուսակցության մշակած օրինագիծը, որն իտալացիներին արգելում է երեխա ունենալ այն երկրներում, որտեղ փոխնակ մայրությունն օրինական է, օրինակ՝ ԱՄՆ-ում և Կանադայում: Կուսակցության դիրքորոշումը համընկնում է Վատիկանի դիրքորոշման հետ։

Օրինագիծը, որը հաստատել է Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, այժմ Սենատում է և արժանացել է իրավապաշտպան խմբերի և որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների քննադատությանը, որոնք համարում են, որ այն ուղղված է ԼԳԲՏՔ համայնքին:

Նմանատիպ նյութեր