211652_close_icon
views-count925 դիտում article-date 15:30 09-04-2024

ԱԺ-ում կայանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը

Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը՝ փակ ձևաչափով։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջարկել է փակ ձևաչափով անցկացնել քննարկումը՝ հաշվի առնելով այն, որ հարցը ունի բազմաթիվ նրբերանգներ, որոնք պարունակում են պետական գաղտնիքներ։

«Հաշվի առնելով, որ հարցը ունի բազմաթիվ նրբերանգներ, որոնց հրապարակային քննարկումները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության տեսանկյունից՝ ուստի քվեարկելու ենք կողմ, որպեսզի նիստը տեղի ունենա փակ ռեժիմով»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ հարցը հանրային հետաքրքրություն ունի, ուստի դեմ են քվեարկելու փակ ռեժիմով նիստի անցկացման որոշմանը։

«Արձանագրենք, որ փակ քննարկումը չի նշանակում պետական գաղտնիքի տեղեկատվության ներկայացում, հետևաբար ավելի շատ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի էությունը հենց այնպիսին է, որ հանրությանն է հետաքրքրում։ Դրա համար է, որ կողմ ենք բաց անցկացնելուն և բնականաբար քվեարկության դեպքում դեմ ենք քվեարկելու այս որոշմանը»,- նշեց  Մինասյանը։

Նիստը փակ անցկացնելու որոշման հարցը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց 57 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 0։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց Ազգային ժողովի դահլիճից դուրս գալ այն պատգամավորներին, որոնք գաղտնիության թույլտվություն չունեն։

«Նիստին չեն կարող մասնակցել Դավիթ Կարապետյանը, Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը և Սեյրան Օհանյանը։ Սա իմ որոշումը չէ, սա օրենքի պահանջն է, և ես չեմ կարող օրենք խախտել»,- ասաց Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր