211652_close_icon
views-count487 դիտում article-date 11:29 04-04-2024

Ահաբեկչությունը միտված էր Իրանի ուշադրությունը ներքին խնդիրների վրա շեղելուն, քանի որ Իրանը հարված է նախապատրաստում Իսրայելի դեմ․ իրանագետ

Իրանը հարված է նախապատրաստում Իսրայելի դեմ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա օդային հարձակումից հետո, ուստի այս ահաբեկչությունը որոշակի գործողություն էր, որով փորձ արվեց շեղել Իրանի ուշադրությունը ներքին խնդիրների վրա։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով երեկ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար և Ռասկ քաղաքներում ոստիկանական բաժանմունքների վրա զինված ահաբեկչությանը, որի հետևանքով երեք իրավապահ է սպանվել։

Իրանագետը տեղեկացրեց, որ ահաբեկչական հարձակման են ենթարկվել իրանական ոստիկանական և անվտանգության մարմինները Իրանի հարավ արևելքում՝   Սիստան և Բելուջիստան նահանգների երկու քաղաքներում՝ Չաբահար և Ռասկ։

«Խմբավորումը որն իրականացրել է այդ գործողությունը և որի անդամները նույնպես սպանվել են իրանական պատասխան գործողությունների արդյունքում, ծայրահեղ սուննիական գաղափարախոսության դավանող խմբավորում է, ահաբեկչական կառույց, եթե ավելի պարզ լեզվով ասենք՝ «իսլամական պետություն» այս տարածաշրջանում։ Ամենևին պատահական չէ նախ տվյալ խմբավորման հերթական ներգրավվումը հակաիրանական գործողությունների մեջ և երկրորդը՝ ահաբեկչության վայրն ու ժամանակը»,- նկատեց նա։

Նշենք, որ ըստ Իրանի իշխանությունների՝ ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Իրանագետի խոսքով՝ Չաբահար նավահանգիստը կարևորագույն հանգույց է, Հնդկաստանի կողմից առաջ մղվող հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի շրջանակներում։

«Նախատեսվում է այդ նավահանգստի արդիականացումից հետո հյուսիս-հարավի ամբողջ բեռնափոխադրումները Հնդկաստանից դեպի Իրան ծովային հատվածով իրականացվելու են հենց այս նավահանգստի հնարավորություններն օգտագործելով։ Ուստի այստեղ անկայունություն սերմանելը բնականաբար ազդակ է, թե իբր տարածաշրջանու անկայունություն կա և տրանսպորտային ծրագրերը, որոնք վերաբերվում են Իրանին չեն կարող իրագործվել»,- ասաց Ոսկանյանը։

Ըստ նրա՝ նաև փորձ է արվում էթնիկական սեպարատիզմ տարրեր ներմուծել իրանական հանրույթ։

«Բանն այն է՝ խմբավորումը թեև ծայրահեղ իսլամական սուննիական բնույթ ունի, բայց այդուհանդերձ նրա անդամները հավաքագրվում են բելուջներից՝ իրանալեզու էթնիկական հանրույթ, որը բնակվում է Իրանի և Պակիստանի տարածքում․ այս իմաստով փորձ է կատարվում էթնիկական սեպարատիզմի տարրեր ներմուծել իրանական հանրույթ»,- նկատեց նա։

Ոսկանյանի խոսքով՝  ընտրված ժամանակն էլ շատ կարևոր է։

«Դատելով իրանական բոլոր մակարդակների հայտարարություններից՝ Իրանը պատասխան հարված է նախապատրաստում Իսրայելի դեմ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա օդային հարձակումից հետո, որի հետևանքով բարձրաստիճան իրանական զինվորականներ զոհվեցին։ Այս համատեքստում սա որոշակի գործողություն է, որի միջոցով փորձ է կատարվում շեղել Իրանի ուշադրությունը ներքին խնդիրների վրա, քանի որ իրանցիները սպառնում են՝ պատասխան հարվածը լինելու է բավական հուժկու և դեռևս հստակ չէ, թե որ ուղղությամբ է այդ հարվածն իրականցվելու»,- ընդգծեց իրանագետը։

Նրա պարզաբանմամբ՝ այս ահաբեկչության միտված է Իրանի ներսում ապակայունություն սերմանելուն, հյուսիս-հարավ տրանսպորտային հանգույցի ծրագիրը կասկածի տակ դնելուն և, բնականաբար, Իրանի ուշադրությունը ներքին խնդիրների վրա շեղելուն։

Հարցին՝ արդյոք Իրանը կշեղվի և չի իրականացնի Իսրայելի նկատմամբ պատասխան գործողությունները, նա նկատեց, որ Իրանը տարածաշրջանային խոշոր գերտերություն է և նման խնդիրների մեկ անգամ չէ, որ առերեսվել է և պարբերաբար է առերեսվում։

«Այսպիսի խնդիրներն Իրանի համար ստեղծում են որոշակի դժվարություններ, բայց դրանք անլուծելի չեն։

Հետևաբար, չեմ կարծում, թե Իրանն ունի ռեսուրսների պակաս իր գործողությունները ծրագրելու թե՛ ներսում ահաբեկչական վտանգը կանխելու, թե՛ ահաբեկիչներին պատասխան հասցնելու, թե՛ իր տարածքից դուրս իր հանդեպ թշնամական գործողություններ իրականացնողների նկատմամբ սեփական ծրագրերը առաջ մղելու ուղղությամբ։ Ցանկացած ահաբեկչություն միանշանակորեն դատապարտելի և սարսափելի բան է, բայց այդ գործողությունը Իրանի պես գերտերության համար, որին կոչում են «մերձավոր արևելյան առյուծ» մոծակի խայթոց է»,- շեշտեց Ոսկանյանը։

Նմանատիպ նյութեր