211652_close_icon
views-count75391 դիտում article-date 23:49 02-04-2024

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներից. պարզվել է, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ ապրիլի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները պարզել են Չեխովի փողոցի 56 շենքի դիմաց կրակոցների հետևանքով վնասված Opel-ի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ կրակոցների հետևանքով մի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 37-ամյա Կարապետ Բաղդասարյանն է, ով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ Opel-ն էլ, որի ուղղությամբ կրակոց է արձակվել, պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վարդան Սամսոնյանին։

Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 1-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չեխովի 56 շենքի բակում, երթևեկելի գոտում կրակոցներ են հնչել։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը։

Ժամանել էին նաև ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի դիմաց՝ երթևեկելի գոտում, հայտնաբերել էին ատրճանակից արձակված 2 կրակված պարկուճ, իսկ արդեն Արտաշիսյան փողոցում հայտնաբերել էին «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի աջ ապակին կոտրված էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կոտրվել էր կրակոցի հետևանքով։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և ավագ քննիչ Հայկ Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև քրեագետները:

Տարածքը սահմանազատել էին ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը։
Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցված էր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ երկու ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նրանցից մեկը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ էր արձակել, ապա դեպքի վայրից նշված ավտոմեքենաները դիմել էին փախուստի ու ոստիկանությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ Արտաշիսյան փողոցում հայտնաբերված «Opel»-ը մասնակցություն էր ունեցել նշված միջադեպին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր