211652_close_icon
views-count66457 դիտում article-date 19:46 01-04-2024

Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, կրակոցի հետևանքով վնասված ավտոմեքենա․ ժամանել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չեխովի 56 շենքի բակում, երթևեկելի գոտում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը։

Ժամանել են նաև ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի դիմաց՝ երթևեկելի գոտում, հայտնաբերել են ատրճանակից արձակված 2 կրակված պարկուճ, իսկ արդեն Արտաշիսյան փողոցում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի աջ ապակին կոտրված է։

Ըստ նախնական տեղեկությունների այն կոտրվել է կրակոցի հետևանքով։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և ավագ քննիչ Հայկ Խաչատրյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև քրեագետները:

Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը։
Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցված է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ երկու ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նրանցից մեկը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել ապա դեպքի վայրից նշված ավտոմեքենաները դիմել են փախուստի ու ոստիկանությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ Արտաշիսյան փողոցում հայտնաբերված «Opel»-ը մասնակցություն է ունեցել նշված միջադեպին։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 349+
349+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր