211652_close_icon
views-count1213 դիտում article-date 09:10 02-04-2024

Ինչո՞ւ են որոշել գաղտնի պահել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը ստացել է ահազանգ հանրակրթական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդներից մեկից։

Ահազանգողը մեկն է, բայց վստահեցնում է, որ հավակնորդների գերակշիռ մեծամասնությունը՝ 85-90%-ը, առնչվում են նույն խնդրին, ինչ ինքը, բայց չեն ցանկանում բարձրաձայնել, քանի որ վախ ունեն, որ երբ ԿԳՄՍ նախարարությունը կամ փորձագիտական գնահատում իրականացնող կազմակերպությունները իմանան իրենց ով լինելը, նրանց կողմից ներկայացված դպրոցի զարգացման ծրագրերը երբեք դրական եզրակացություն չեն ստանա. նրանց հետ հաշվեհարդար կտեսնեն։

Ուրեմն այսպես, 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ կառավարության կողմից ընդունված N 181-Ն որոշմամբ, դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդը հայտարարաված մրցույթի շրջանակներում լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում է ներկայացնում իր կողմից մշակված՝ դպրոցի զարգացման ծրագիրը։

Վերջինս էլ մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդի զարգացման ծրագիրն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին: Մասնագիտական հանձնաժողովը հավակնորդի զարգացման ծրագիրը ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է փորձաքննության: Կազմակեպությունը զարգացման ծրագիը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է փորձաքննություն՝ գնահատման չափանիշների համաձայն:

Գնահատման չափանիշները սահմանվել են ԿԳՄՍ նախարարության կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 18 ապրիլի 2023 թվականի N 399-Ա հրաման։ 2024 թվականի փետրվարի 12-ին հրապարակվեց ՀՀ կառավարության նոր որոշումը, ըստ որի՝ փոփոխություններ տեղի ունեցան ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձեւաչափում։ Կատարված փոփոխություններն էական էին, ու հասկանալի է նաեւ, որ այս նոր ձեւաչափով մշակված զարգացման ծրագրերը հնարավոր չի լինի գնահատել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 18 ապրիլի 2023 թվականի N 399-Ա հրամանով հաստատված գնահատման չափանիշներով։

Արդեն մեկ ամիս է, ինչ դպրոցի զարգացման ծրագրերը ներկայացվում են նոր ձեւաչափով, սակայն հավակներդները չեն ստանում պատասխան սահմանված 10 աշխատանքային օրերի ընթացքում։ Որեւէ բան հստակ չէ։ Ավելին՝ նախարարությունը չափազանց ստորացուցիչ պայմանների մեջ է դրել հավակնորդներին, հատկապես՝ նախկինում որպես տնօրեն աշխատած, որոնց ժամկետը լրացել է։ Արդեն մեկ տարի է՝ բազմաթիվ դպրոցի տնօրեններ չեն ընտրվում, գործում են առանց զարգացման ծրագրի նշանակված ժամանակավոր պաշտոնակատարները։ Նախարարության իրականացրած փոփոխություններից դեռ ոչ մի դպրոց օգուտ չի ստացել։ Որոշ մարդիկ ասում են, որ նախարարությունը որոշել է չհրապարակել գնահատման նոր չափանիշները։ Բացի այդ, այս պահի դրությամբ մյուս որոշումը ուժը կորցրած չի համարվել, եւ, փաստորեն, այն համարվում է գործող իրավական ակտ։

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած անձը մեր միջոցով է փորձել ստանալ իրեն հուզող հարցի պատասխանը։ Ինչո՞ւ եւ այդ ո՞ր իրավունքով է նախարարությունը որոշել գաղտնի պահել ընդունված որոշումը, խախտել ՀՀ կառավարության որոշումը եւ չներկայացնել եզրակացությունը սահմանված ժամկետում, մարդկանց պահել անորոշության մեջ։ ԿԳՄՍՆ համագործակցում է զարգացման ծրագրերը գնահատող երկու կազմակերպությունների հետ՝ «Միասնական դպրոց»՝ Վահրամ Սողոմոնյան, «Կրթություն եւ համերաշխություն»՝ Վահրամ Թոքմաջյան:

Հասմիկ Դավթյան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր