211652_close_icon
views-count147868 դիտում article-date 14:29 12-03-2024

Դանակահարություն՝ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ. քոլեջի 18-ամյա ուսանողը հիվանդանոցում մահացել է. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված երեխա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպեր գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նուշիկ Վարդանյանն ու Թոռնիկ Ղուկասյանը:

Ոստիկանները նշված քոլեջի հարևանությամբ գտնվող թիվ 54 շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր և կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի մասում նույնպես կան արնանման հետքեր:

Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված անչափահաս տղան գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում  «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տեղի է ունեցել մի խումբ անձանց միջև վիճաբանություն, որի ժամանակ էլ երեխային դանակի մի քանի հարված են հասցրել:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էին նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Արմեն Բեգլարյանը:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-ամյա Ռաֆայել Հ.-ն է, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սովորում էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 274+
274+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր