211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ պայթյուն է տեղի ունեցել «Opel»-ում. կա վիրավոր. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3259 դիտում article-date 14:40 19-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդին, ում այնուհետև տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Զարգարյանն ու Անդոկ Հարոյանը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով ավտոմեքենայի դիմապակին, դռները վնասվել են և հետևի ապակու դետալներն էլ շպրտվել ու լցվել են կայանված մեկ այլ «Opel»-ի վրա: 
 
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել հերթապահ քննիչը, ով այնուհետև կժամանի դեպքի վայր: 
 
Այս պահին Արաբկիրի ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր