211652_close_icon
views-count1012 դիտում article-date 23:48 29-02-2024

Բնապահպան ակտիվիստների ճնշման նոր ձևաչափ․ բնապահպան Օլեգ Դուլգարյանն ահազանգում է, որ ԶՊՄԿ-ն իր դեմ 6 միլիոն դրամի հայց է ներկայացրել դատարան և փորձում է լռեցնել

Բնապահպան ակտիվիստների ճնշման նոր ձևաչափ․ բնապահպան Օլեգ Դուլգարյանն ահազանգում է, որ ԶՊՄԿ-ն իր դեմ 6 միլիոն դրամի հայց է ներկայացրել դատարան և փորձում է լռեցնել։

Այս մասին տեղեկանում ենք «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջից։

«Հայաստանում բնապահպանական ակտիվիստների, իրավապաշտպանների նկատմամբ հանքարդյունաբերական ընկերությունների կողմից զրպարտության մեղադրանքով քաղաքացիական հայցեր դատարան ներկայացնելու գործընթացը շարունակվում է` ձեռք բերելով նորագույն երանգներ։

Դատարաններ հայցեր ներկայացնելը բնապահպանական ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ, արդեն մի քանի անգամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և միջազգային իրավապաշտպան ցանցերը որակել են ճնշման մի ուրույն ձևաչափ, հետապնդում, այն է` դատական գործերով էկո-ակտիվիստներին և հանքարդյունաբերության ազդակիր համայնքների բնակիչներին լռեցնելու փորձ:

Հերթը հասավ ինձ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության խմբի ակտիվներին է պատկանում, և որի բաժնետեր է հանդիսանում նաև ՀՀ Կառավարությունը, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իմ կողմից հերքում և բռնագանձում 6 000 000 ՀՀ (6 մլն) դրամ (մոտ 14 000 եվրո)։

Նման գործընթացները բնորոշ են միայն ոչ ժողովրդավարական երկրներին և հասարակություններին։
Վստահ եմ՝ Ռուսաստանում ևս, ժամանակին, ազատ խոսքի և ակտիվիստների նկատմամբ ճնշումները մեկնարկել են իրավապաշտպանների նկատմամբ քաղաքացիական հայցեր ներկայացնելով, իսկ հետո և հիմա արդեն քրեական գործերով և մի քանի տարի ազատազրկմամբ։

Առհասարակ, նման գործընթացներն ուժեղացնում են մեզ, վստահ եմ՝ սա այդ դեպքերից է։
Հիշեցնեմ, որ նույն ընկերությունը 2023 թվականին հայց էր ներկայացրել նույն պահանջներով նաև բնապահպանական ակտիվիստ և լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ։

Վստահ եմ, որ քաղաքացիական հասարակությունը և միջազգային հանրությունը կտան իրենց գնահատականը այս գործընթացներին։

Ժողովրդավարությունը և սոցիալական արդարությունը Հայաստանում այլընտրանք չունեն» ,- գրել է Դուլգարյանը։

Նմանատիպ նյութեր