211652_close_icon
views-count931 դիտում article-date 19:24 19-01-2024

Բաքվի հռետորաբանությունը մարտահրավեր է ՀՀ ինքնիշխանությանը և տարածաշրջանում տևական խաղաղությանը. Միրզոյան

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հունվարի 19-ին, Զագրեբում, իր և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այսօր մենք մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային անվտանգության թեմաների շուրջ։ Ես իմ գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես նշվեց, ավելի վաղ հնարավորություն ունեցել ենք քննարկելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, մարտահրավերների հաղթահարմանն ու տարածաշրջանային կապերի զարգացմանն ուղղված ջանքերը: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին»,- ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ նշել է Միրզոյանը:

Նա կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն երկարաժամկետ լուծումների հարցում: «Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ հիմնված հայտնի սկզբունքների և պայմանավորվածությունների վրա։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն՝ առանց որևէ երկիմաստության։ Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար, որը, մեր համոզմամբ, պետք է իրականացվի համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և հիմնված լինի Խորհրդային Միության ամենաթարմ ու օրինական քարտեզների վրա: Մենք նաև վստահ ենք, որ կապուղիները, որոնք կարող են ապաշրջափակվել տարածաշրջանում, հաղորդակցությունները՝ տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաև նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության առաջխաղացմանը, և մենք կարծում ենք, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է ապաշրջափակվեն համապատասխան այդ երկրների ինքնիշխանությանը, իրավազորությանը և հավասարության ու փոխադարձության սկզբունքների համաձայն։

Ավելին, խաղաղության և փոխկապակցվածության այս գաղափարն առաջ մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը, ինչպես ասացի, ուղղված է տարածաշրջանում փոխկապակցվածությունն ավելացնելուն և ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նմանատիպ նյութեր