211652_close_icon
views-count83249 դիտում article-date 18:00 16-01-2024

Արտակարգ իրավիճակ՝ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ մերկասառույցի պատճառով այն դարձել է անանցանելի․ ձյան բարձրությունը անցնում է 1 մետրը․ պարեկներն ու փրկարարները 4 տասնյակ ավտոմեքենաներ են դուրս բերել ձնակույտի միջից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում։

Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան հետևանքով Սիսիան Գորիս մոտ 17-կմ-ոց  ճանապարհահատված ամբողջովին մերկասառույց է։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադեվոսյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի և Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատների փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Երթևեկությունը կտրականապես արգելվել է։ Եթե Սիսիանի ճանշինը, որի ղեկավարը Հրայր Գաբրիելյանն է «մատը մատին չի խփել» ճանապարհը ձյան շերտից մաքրելու և մերկասառույցը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ինչի համար էլ վարորդները «ամենաքաղցր» խոսքերն են ուղղում նրա ղեկավարած կառույցին, ապա Գորիսի ճանշինը, որի ղեկավարը Սարգիս Սարգսյանն է, երեկվանից հսկայական աշխատանքներ է կատարել ու շարունակում է կատարել իրենց կողմից սպասարկվող ճանապարհահատվածը ձյան շերտից մաքրելու ուղղությամբ։

Գորիսի ճանշինականները մաքրում են հատուկ տեխնիկաներով ճանապարհները, սակայն  բուքը իր «սև գործ»-ն է անում։

Մոտ 2,5 -3 կմ ճանապարհահատված այնպես է բուքը փակել, որ քեզ թվում է դու գտնվում ես դաշտում, այլ ոչ թե միջպետական գլխավոր ճանապարհին։

Սիսիանի, Գորիսի պարեկներն ու փրկարարները 40-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել ձնակույտերի միջից ու որոշ վարորդներ կամակորություն են ցուցաբերել վստահ լինելով, որ իրենց ավտոմեքենաներով կանցնեն ճանապարհը ու շարժվել են առաջ և մի քանի կմ գնալով չեն կարողացել առաջ գնալ և հիշել են փրկարություն համարվող ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հեռախոսահամարը, ահազանգել են նրանց ու վերջիններիս օպերատիվ արձագանքի շնորհիվ Սիսիանի, Գորիսի փրկարարները, Սիսիանի, Գորիսի պարեկների հետ հասել են օգնության ու նրանց դուրս են բերել անվտանգ վայր։

Իրավիճակի մասին ՊԾ Սյունիքի գումարտակի հրամանատար Գ․ Զաքարյանը տեղում հեռախոսով տեղեկություններ էր փոխանցում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին, ում կարգադրությամբ էլ քաղաքացիների անվտանգությունից ելնելով ժամանակավորապես Սիսիան-Գորիս հատվածում տրանսպորտային միջոցներրի երթևեկությունը դադարեցվել է։

Տեղուն ուժեղացված ծառայություն են կատարում պարեկային ծառայության Սյունիքի մարզային գումարտակի 2 րդ վաշտի 2 րդ դասակի պարեկ Էդգար Հակոբյանն ու  կրտսեր պարեկ Սերգեյ Ֆերոյանը։

Ուժեղացված ռեժիմով են աշխատում նաև ՀՀ ՆԳՆ ՊԾ Վայոց ձորի վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի,  վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Նրանք էլ Ջերմուկի խաչմերուկից ժամանակավորապես արգելել են հիմնականում բեռնատարների շարժը, քանի որ եղել են նաև բեռնատարի վարորդներ, ովքեր նույնպես կամակորություն են դրսևորել, շարժվել են առաջ ու հայտնվել են մերկասառույց ճանապարհներին՝ ձնակույտերի մեջ։

Նրանց նույնպես փրկարարներն ու պարեկները օգնության են հասել։

Վայոց ձորի վաշտի և Սյունիքի գումարտակի պարեկների շնորհիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունեցել։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 282+
282+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր