211652_close_icon
views-count89448 դիտում article-date 22:00 20-11-2023

Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում. պարեկները 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել՝ ձյան պատճառով անանցանելի դարձած ճանապարհներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի ճանապարհներին. ուժեղ ձյուն է տեղում, ինչի պատճառով էլ բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի անվադողերն ամառային են, կա՛մ չեն կարողանում շարժվել, կա՛մ ստեղծում են վթարային իրավիճակներ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի գումարտակների պարեկները, ովքեր արդեն մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ են հրելով դուրս բերել անվտանգ վայր։

Բարձիթողի վիճակում է գտնվում նաև Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրից դեպի Տավուշի մարզ՝ Դիլիջանի թունելի սկզբնամասի ավտոճանապարհը։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ՆԳՆ ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով պարեկներն անցել են ուժեղացված ծառայության, քանի որ այդ մասին կարգադրել են ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Գեղարքունիքի պարեկները մոտ 25-ից ավելի ավտոմեքենաներ, որոնցից 20-ի անվադողերն ամառային էին և ձնասահքի պատճառով հայտնվել էին վտանգավոր իրավիճակներում, հրելով դուրս են բերել անվտանգ վայր։

Այս պահին երթևեկությունը Գեղարքունիքի ողջ տարածքում շարունակվում է, գումարտակի հրամանատար Ա. Մարտիրոսյանի գլխավորությամբ էլ պարեկները Դիլիջանի թունելի սկզբնամասում ուժեղացված ծառայություն են կատարում և վարորդների անվտանգությունից ելնելով արգելում են բեռնատարների շարժը դեպի Տավուշի մարզ։

Նույն բարձիթողի վիճակն է նաև Տավուշի մարզի Դիլիջան, Դիլիջան-Վանաձոր ճանապարհներին, որտեղ միայն աշխատանքներ են կատարում տեղի պարեկները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Պարեկային ծառայությունը օպերատիվ չգործեր ու ժամանակին վարորդներին չհորդորեին, որ երթևեկեն դանդաղ, ապա հնարավոր է տեղի ունենային ավտովթարներ, այդ թվում՝ շղթայական, ու այդ դեպքում մեղավորներն առաջին հերթին ոչ միայն ճանապարհն սպասարկող ճանշինականներն էին, այլ նաև այն վարորդները, ովքեր եղանակային այս պայմաններում երթևեկում են ամառային անվադողերով։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 269+
269+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր