211652_close_icon
views-count55185 դիտում article-date 10:09 13-04-2026

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Նոր Նորքում փրկարարները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հարևանությամբ անցնող ճանապարհում առաջացած արհեստական լճակից դուրս են բերել 10-ից ավելի մեքենաներ. որոշ հատվածներում խորությունը անցնում էր 1 մետրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 13-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի, որոշ վարչական շրջաններում էլ տեղացած ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ ու անհարմարություններ էին ստեղծվել մի քանի վարչական շրջաններում։

Սելավատարերի չգործելու պատճառով հերթական անգամ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տանող ճանապարհահատվածում, ստեղծվել էր հսկայական լճակ, ինչի պատճառով մեծ թվով վարորդներ իրենց ավտոմեքենաներով հայտնվել էին դրա մեջ ու չէին կարողանում տեղաշարժվել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներին օգնության էին հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները տեղում մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Տարածքում դիտահորերը և ջրահեռացման խողովակները չէին աշխատում, ինչի պատճառով էլ որոշ հատվածներում էլ ջրի բարձրությունն անցնում էր 1 մետրը։

Փրկարարները մեծ դժվարությամբ մի քանի ավտոմեքենաներ իրենց բեռնատար ավտոմեքենայով կարողացան դուրս բերել,  իսկ մի քանիսն էլ դուրս բերելու համար փրկարարները օգտագործեցին հատուկ ջրադիմացկուն հագուստներ։

4 ժամից ավելի պահանջվեց, մինչև բոլոր ավտոմեքենաները դուրս բերվեցին։

Իսկ այդ ընթացքում պարեկները տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում։

Այդ ընթացքում ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ոչ ոք չկար, որպեսզի իրենք էլ օգնության ձեռք մեկնեին քաղաքացիներին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 251+
251+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր