211652_close_icon
views-count32205 դիտում article-date 09:22 16-01-2024

Արտառոց դեպք՝ Երևանում․ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության 17-ամյա սանը օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Նորք Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը։

Արդեն տեղում ոստիկանները զրուցել են Երևանի բնակիչ 34-ամյա Արմինե Ս․-ի հետ, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Արմենակյան փողոցում գործող «Նաիրի» հյուրանոցի մոտ 3 ժամ առաջ մոտ 16 տարեկան տղան տիրով կրակել է իր 10 ամյա երեխայի ոտքին, այտին և գլխին, հավելել է նաև, որ նույն անձը մի քանի օր առաջ հարձակվել է երեխայի վրա, ոտքով հարվածել նրա մեջքին և իր 10 ամյա երեխայից բացի այլ 10 ամյա երեխայի է ծեծի ենթարկել: 

Հաջորդ օրը Արմինե Ս․-ն ոստիկանության Կենտրոնական բաժնում հայտնել է, որ հունվարի 6-ին ժամը 20։30-ի սահմաններում հյուրանոցի հետնամասում ոմն Հովոն հրացանով մի քանի անգամ կրակել է իր 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք և հայտնել է, որ նույն անձը մոտ 1 ամիս առաջ իր որդուն ծեծի էր ենթարկել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են, որ ոմն Հովոն հանդիսանում է Երևանի բնակիչ 17-ամյա Հովհաննես Մ․-ն։

Այնուհետև ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ Նորք Մարաշում հայտնաբերում են Հովհաննես Մ․-ին և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ էլ կազմված փաստաթղթերով նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ Հովհաննես Մ․-ն «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության սան է և այդ օրը Արմենակյան փողոցի 127 հասցեի հետնամասում նշված կազմակերպության վարժանքի ժամանակ օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է Վ․ Ղազարյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանները ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ զենքի տեսակը պարզելու և այն հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր