211652_close_icon
views-count835 դիտում article-date 12:04 23-12-2023

Ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մնացել են հաշված օրեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մնացել է մեկ շաբաթ և գործելու է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը: Ուստի, կոմիտեն հորդորում է օտարերկրյա համարանիշներով թեթև մարդատար տրանսպորտային միջոցներ ունեցող քաղաքացիներին` շտապել օգտվելու պետական աջակցության ծրագրից և կատարել մաքսային ձևակերպումները, քանի որ ավելի վաղ տեղեկացվել էր` մաքսազերծման ժամկետի երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու:

Կոմիտեն կրկին տեղեկացնում է, որ պետական աջակցության ծրագրի շրջանակում մաքսային ձևակերպումները կարող են կատարվել․

1․ ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14 հասցեում գտնվող Հյուսիսային մաքսատուն- վարչությունում,
2. ք․ Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում,
3․ ք. Սիսիան, Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում,
4․ ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:

Ծրագրի պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 30.11.2023թ. թիվ 2076-Ն որոշմամբ:

Նմանատիպ նյութեր