211652_close_icon
views-count294343 դիտում article-date 08:38 29-11-2023

Մարտաֆիլմ հիշեցնող, ինքնաձիգով սպանություն Վանաձորում. սպանվել է քրեական պատմություններով հայտնի տղամարդը, ում կնոջ ուղղությամբ ամիսներ առաջ էին կրակոցներ արձակել. ավտոմեքենայի և սպանվածի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի օգտագործմամբ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ կրակոցներ են հնչել, եւ կա տուժած:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի եւ դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մկրտիչ Հակոբյանը, պարեկներ Հայկ Սարգսյանն ու Մկրտիչ Հակոբյանը:

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները, բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ՈԼՄՎ փորձաքրեագիտական բաժանմունքի ՀԿՀ ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանն ու փորձագետ Վահրամ Պողոսյանը։

Ոստիկանները նշված շենքի բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 20-ից ավելի պարկուճներ, իսկ բակում հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա, որի առջեւի եւ կողային հատվածներում առկա էին կրակոցի 15-ից ավելի հետքեր:

Ավտոմեքենայի սրահում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է դի:  

Ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալներ Արման Գալստյանի, Դավիթ Ղազախեցյանի, հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչներ Վահան Այվազյանի, Տիգրան Թադևոսյանի, Արմեն Գևորգյանի, Հայարփի Սահակյանի եւ Գագիկ Սաֆարյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաեւ Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները եւ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Փերիխանյանն է:

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նաեւ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել ենթադրյալ սպանություն կատարողի անձի վերաբերյալ եւ ճշտել էին, թե ենթադրյալ կասկածյալը սպանությունը կատարելուց հետո որ ուղղությամբ է գնացել՝ իր հետ տանելով ինքնաձիգը:

Ա. Զաքարյանի, Ա. Աղումյանի, Ա. Բեժանյանի գլխավորությամբ, սպանության վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա ոստիկաններն ու պարեկները սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում էլ հայտնաբերել են կասկածյալին, եւ օպերատիվ խմբերը մեկնել են նրա բնակության վայր․ կասկածյալը, տեսնելով, որ այլեւս չի կարող մոտենալ իր տանը, սպանության վայրից բավականին հեռու է մեկնում, ի վերջո, ոստիկաններն ու պարեկները, վտանգելով իրենց կյանքը, կարողանում են դուրս գալ կասկածյալի հետքի վրա ու վնասազերծել նրան, ապա տեղափոխել Ոստիկանության Տարոնի բաժին:

Կար վտանգ, որ հնարավոր է՝ նա 2-րդ անգամ գործի դներ ինքնաձիգը, երբ ոստիկաններն ու պարեկները գնում էին իր ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կասկածյալը Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա  Կարեն Փիլոյանն է:

Նրան բաժին տեղափոխելուց հետո արդեն պետք է որոնողական աշխատանքներ կատարվեին հանցագործոթյան գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ նա ոստիկաններին հայտնել էր, որ ավտոմատը մի քանի կմ հեռավորության վրա շպրտել էր չոլերում։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության Տարոնի բաժնի եւ ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկները սկսում են այդ ամբողջ տարածքում որոնողական աշխատանքներ կատարել ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Տեւական ժամանակ անց հաջողվում է հայտնաբերել ինքնաձիգը, որը Կ․Փիլոյանը դրել էր պարկի մեջ եւ թաքցրել երկաթե տարայի տակ:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կասկածյալը ոստիկանության Տարոնի բաժնից ներկայացվել է Քննչական կոմիտե:

Գ. Շամշյանի տեղեկություններով, այս տարվա սեպտեմբերի 2-ին Վանաձորում կրակոցներ էին արձակել տեղի հայտնի խանութներից մեկի ուղղությամբ, որտեղ հրազենային վնասվածքներ ստացած կանանցից մեկը սպանված Ա. Փերիխանյանի կինն էր:

Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 2-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։

Ժամը 20:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։

Հիվանդանոց էին մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։

Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները կանայք են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։ Նրանցից մեկը 24 տարեկան էր, մյուսը ՝ 34:

Ոստիկաններն ու քննիչները պարզում էին նաև, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վնասվածքներ ստացել և որտեղ են տեղի ունեցել կրակոցները։

Վարկածներից մեկի համաձայն հնարավոր էր՝ այն կապ ունենար օգոստոսի 31-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների հետ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում էին վիրավոր կանանց ինքնությունը և թե արդյոք բացի նրանցից այլ վիրավորներ կային։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ա. Զաքարյանի և Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Արման Գալստյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել էին՝ որտեղ է տեղի ունեցել դեպքը, և դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարել: 

Դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ և գնդակներ: Դեպքը տեղի էր ունեցել Շիրակացի և Վարդանանց փողոցների խաչմերուկում գործող «Krug» մթերային խանութում, որտեղ հայտնաբերվել էին արնանման հետքեր, ապակիներին և խանութում գտնվող սառնարանների վրա նույնպես կային կրակոցի հետքեր: 

Տեղում պարեկները սահմանազատել էին տարածքը, և երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորպես դադարեցվել էր: 

Մարզի ոստիկանապետ Ա. Զաքարյանի հանձնարարականով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր մեկնել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ, քանի որ կային տեղեկություններ, որ հնարավոր է վիրավորները 2-ը չեն:   

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էր ժամանել նաև Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանը:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 430+
430+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր