211652_close_icon
views-count63185 դիտում article-date 20:28 27-11-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. պարեկները, փրկարարները, բժիշկները, ոստիկաններն ու քաղաքացիները փրկել են 30-ամյա տղամարդու կյանքը, ով բենզին էր լցրել իր վրա և ինքնահրկիզման փորձ կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բակում քաղաքացին ինքնահրկիզվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու ՓԾ հոգեբանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել, է որ դեպքը տեղի է ունեցել Եղբայրության 5-րդ շենքի մուտքերից մեկի մոտ և տղամարդը բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզվել:

Բարեբախտաբար նույն գումարտակի պարեկներ Դավիթ Սարգսյանը, Հովհաննես Առաքելյանը ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու քաղաքացիները շատ օպերատիվ են գործել և այդ տղայի վրա առաջացած կրակը մարել են, ապա մեծ դժվարությամբ նրան տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան, քանի որ նա հրաժարվում էր օգնությունից:

Բժիշկները նրան տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա պարեկներ Դ. Սարգսյանն ու Հ. Առաքելյանը կարողացել են շատ արագ դեպքի վայրից հեռացնել հետաքրքրասեր վարորդներին ու նրանց տրանսպորտային միջոցները, որից հետո շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: 

Դեպքի փաստով Ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Ամեն ինչ ակնթարթային եղավ: Չգիտենք, թե ոնց այդ տղան իր վրա բենզին կամ սալյարկա լցրեց, բայց միայն նկատեցինք կրակը ու հալալ էր, թաղի բնակիչներով, պարեկներով, բժիշկներով, փրկարարներով ու ոստիկաններով նրա վրա առաջացած կրակը մարեցին ու տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենան: Թե ով էր, չգիտենք, քանի որ եթե մեր թաղեցի լիներ, հաստատ կճանաչեինք»:

Գ. Շամշյանի տեղեկություններով քաղաքացին, ով տեղափոխվեց հիվանդանոց, Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Զ. Մ.-ն է: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր