211652_close_icon
views-count19835 դիտում article-date 17:18 05-11-2023

Քեզ բացակա չենք դնի. Դավիթաշենում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Հրայր Ասրյանի հիշատակին նվիրված խաչքար. ամեն օր այնտեղ այցելուների պակաս չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում չեն դադարում քաղաքացիների այցելությունները Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Հրայր Ասրյանի հիշատակին նվիրված խաչքարին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այցելուները ծաղիկներ են խոնարհում, իսկ խաչքարի բացումը տեղի ունեցավ օրեր առաջ, որը օծվեց հոգևոր հովվի կողմից:

Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ինչպես նաև Երևանի Գևորգ Վարդանյանի անվան համար 192 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, սաները, հերոսածին մայրեր, սիրված ու ճանաչված դերասաններ: 

Խաչքարի բացման պատիվը ընձեռնվեց հերոսի հարազատներին, որից հետո այն օծվեց, ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին, իսկ դպրոցի սաներն էլ ներկայացան իրենց ասմունքներով՝ ուղղված լեգենդին՝ Հրայր Ասրյանին: 

Միջոցառմանը ներկա էր նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը, իսկ կարճ խոսքով ելույթ ունեցավ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: 

Հրայր Մաքսիմի Ասրյան կամավոր։ 

Ծնվել է 1988թ. ապրիլի 14-ին ք. Երևանում: 2005թ.ավարտել է Երևանի Գ.Վարդանյանի անվան հ. 192 դպրոցը:  

2005-2012թթ. սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետություն և դիզայն բաժնում՝ ստանալով ճարտարապետ- դիզայների որակավորում:

2008-2010թթ. ծառայել է հայոց բանակում՝ Կապան քաղաքի զորամասերից մեկում:

2011-2016թթ. աշխատանքի է անցել «Արխինեքս» ՍՊԸ-ում, որպես հիմնադիր տնօրեն և իրականացրել բազում հեղինակային, հասարակական, բնակելի շինությունների նախագծային աշխատանքներ և կառույցներ:

Մի անհասկանալի սիրով էր Հրայր Ասրյանը կապված Արցախ աշխարհի հետ, գերված էր Արցախի բնությամբ, ասում էր՝ էս մեր Շվեցարիան է:

Ունենալով արտասովոր ճարտարապետական միտք, փայլուն գիտելիքներ՝ 2018թ. առաջարկ է ստանում Արցախի Հանրապետությունից՝ ստանձնելու Շահումյանի շրջանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի պաշտոնը:

Անտարբեր չլինելով Արցախի բնության, արցախյան ճարտարապետության նկատմամբ՝ թողնում է իր երևանյան բարեկեցիկ կյանքը և մեկնում Արցախ:

Ապրել է Քարվաճառում քեռու աղջկա տանը: Օր ու գիշեր ջանք ու եռանդ ներդնելով՝ կառուցում է նորանոր թաղամասեր, ծննդատուն, մանկապարտեզ, մշակույթի տուն, ջրագծեր, կարճ ժամանակում հարյուրավոր քարվաճառցիների համար կառուցեց բնակարաններ ու դեռ պետք է կառուցեր.... և ինքն էլ սպասելով մնաց իր տանը, որը պետք է հանձնվեր Հայաստանից տեղափոխված երիտասարդներին......ա՜վաղ:

Ինքն այն տեսակն էր, որ երբեք չէր ասի «ես բացի կարկինից ու մատիտից չեմ կարող զենք բռնել ու կռվել», աննկարագրելի անվախ էր, բացարձակ չխուսափեց, անգամ չօգտվեց ընձեռնված հնարավորությունից խուսափել կռվից, նետվեց պաշտպանելու իր հայրենիքը՝ իր սուրբ հայրենիքը:

Պատերազմի սկզբում Քարվաճառի դիրքերն է պաշտպանում, իսկ հետո լսելով, որ թշնամին մոտենում է Շուշիին, հոկտեմբերի 20-ին կամավորագրվում է  լեգենդար Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատին՝ իրականացնելով դիվերսիոն աշխատանքներ, մարտեր մղում Շուշիի բոլոր գյուղերում, Ավետարանոց գյուղում, Շուշիի Քարին տակում: 

Հոկտեմբերի 31-ին առավոտյան դուրս են գալիս հերթական առաջադրանքը կատարելու, շատ թեժ մարտեր են լինում և թշնամու հրետանու անդադար ռմբակոծությունից ընկնում է Ասկերանի վերին ենթաշրջանի Սղնախ գյուղի մատույցներում։       
Հրայրը հերոսաբար զոհվեց՝ միանալով անմահների բանակին: 

Նոյեմբերի 2-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ավաղ,ամուսնացած չէր...


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 606+
606+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր