211652_close_icon
views-count1024 դիտում article-date 12:37 25-10-2023

Իսրայելը կդադարի վիզաներ տրամադրել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին Գուտերեշի դիրքորոշման պատճառով․ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ

Իսրայելը կմերժի վիզաներ տրամադրել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ նրա գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիրքորոշման պատճառով:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։

«Գուտերեշի արտահայտությունների պատճառով մենք կմերժենք մուտքի արտոնագրեր տրամադրել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին»,-ասել է Էրդանը բանակային Galei Tzahal ռադիոյի եթերում:
«Մենք արդեն մերժում ենք վիզա տրամադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսին»,-շարունակեց Էրդանը, նշելով, որ «ժամանակն է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին դաս տալ»:

«Անվտանգության խորհրդում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արտահայտությունները լուրջ են, զայրույթ և զարմանք են առաջացնում և բիծ են նրա և նրա ղեկավարած կազմակերպության վրա, արտացոլում են ՄԱԿ-ի և հատկապես գլխավոր քարտուղարի կողմից Իսրայելի նկատմամբ կանխակալ և խեղաթյուրված վերաբերմունքը»,-ասված է Իսրայելի ԱԳՆ մեկնաբանության մեջ, որը տարածել է նրա մամուլի ծառայությունը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հրաժարվի իր խոսքերից և ներողություն խնդրի իր հայտարարության համար», հավելել են գերատեսչությունում:

Երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՝ նվիրված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, Գուտերեշը հայտարարել է, որ միանշանակ դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին, բայց կոչ է արել հիշել, որ դա տեղի չի ունեցել դատարկ տեղում, և որ Պաղեստինի բնակիչները «56 տարի շարունակ ապրել են խեղդող օկուպացիայի մեջ»:

Էրդանը դրանից հետո նրան կոչ է արել անհապաղ հրաժարական տալ:

Իր հերթին Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանավեճում ելույթից հետո հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրման լույսի ներքո հրաժարվում է Գուտերեշի հետ անձնական հանդիպումներից:

Նմանատիպ նյութեր