778 դիտում
14:46 17-10-2023
Արցախը պետք է պահպանել «պետություն՝ առանց տարածքի» մոդելով. Արմեն Աշոտյանն առաջարկներ է ներկայացրել
Արցախը պետք է պահպանել «պետություն՝ առանց տարածքի» մոդելով։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․
«Արցախի Հանրապետության գոյությունը չպետք է ավարտվի 2024թ. հունվարի 1-ին: Կարելի է և պետք է վիճել, քննարկել, որոշել այս բանաձևը կյանքի կոչելու ուղիների, մոդելների և հնարավորությունների շուրջ: Սակայն ակնհայտ է, որ Արցախի հայկականության վերականգնման հեռանկարը ռեալ պահելու համար իմպերատիվ պահանջ է արցախահայության կազմակերպումը և գոյության շարունակությունը՝ որպես քաղաքական գործոն:
Հայաթափման և բռնագաղթի առաջին շոկը հաղթահարելուն զուգահեռ՝ առաջնային է հայկական մտավոր, ֆինանսական, քաղաքական և այլ ուժերի կենտրոնացումը Արցախի Հանրապետության «պետություն՝ առանց տարածքի, կամ տեղահանված պետություն» մոդելի շրջանակներում պահպանման համար:
Այս խնդիրը լուծելուն խոչընդոտող մարտահրավերները բազում են: Արցախահայության հնարավոր «հոգնածությունը», Հայաստանի գործող վարչախմբի կողմից տարաբնույթ բարիերները, արտաքին ուժերի մոտ Արցախի հայության՝ միայն հումանիտար խնդիրները լուծելու տենդենցը. այս շարքը կարելի է շարունակել: Բայց տեսանելի և հնարավոր դժվարությունները միայն ընդգծում են այն փաստը, որ հայ ժողովրդի կենսական շահերից է բխում Արցախի խնդրի քաղաքական հնչեղությունն օրակարգում պահելը:
Սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակն իրոք աննախադեպ է: Մարդկությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ տեղահանվել են ժողովուրդներ: Բազմաթիվ են նաև վտարանդի իշխանությունների գոյության օրինակները: Սակայն ինձ հայտնի չէ նախադեպ, երբ սեփական տարածքից միաժամանակ զրկվի բնակչությունը, իշխանությունը, պետական մեխանիզմները, օրենքները և պետականության այլ ատրիբուտներ և գործոններ:
Ուստի պահանջվող լուծումները պահանջելու են ոչ միայն ռեսուրսներ, կամք, կազմակերպվածություն, այլև «կրեատիվություն», ոչ ստանդարտ քայլերի գնալու ճկունություն և ռիսկ:
Հնարավոր համալիր ռազմավարական փաթեթի մի շարք քայլեր տեսանելի են արդեն հիմա: Բերեմ մի քանի օրինակ:
1. Հարկ է չեղարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտնի հրամանագիրը:
2. Արցախահայերն առանձին իդենտիֆիկացիոն փաստաթղթի կարիք կունենան՝ բացի ՀՀ անձնագրերից:
3. Պետք է վերականգնել իշխանությունների հիմնական թևերի պարբերական ակտիվությունը, ներառյալ՝ խոշոր համայնքների ՏԻՄ-երը:
4. Արցախի Հանրապետության գործող ԱԺ-ն պետք է քննարկի և ընդունի ստեղծված իրավիճակին համահունչ սահմանադրական փոփոխությունների փաթեթը:
5. Կարիք կա ստեղծելու Արցախի խորհրդարանի հետագա գոյության իրավական մեխանիզմները:
6. «Պետություն՝ առանց տարածքի» մոդելի ֆինանսական նվազագույն ապահովումը պետք է դառնա համահայկական մշտական մեխանիզմների գերխնդիրներից մեկը:
Անշուշտ, սրանք ընդամենը մի քանի դրվագներ են հիմնախնդիրների այն փնջից, որ պետք է լուծվի՝ ելնելով հայկական շահերից: Հայաստանում իշխանափոխությունից հետո շատ ավելի հեշտ կլինի այս նախագծի իրականացումը և առաջխաղացումը՝ երկրում ազգային օրակարգով շարժվող առաջնորդության առկայությամբ: Բայց այդքան սպասել հնարավոր չէ, քանզի առաջնային մի շարք քայլեր պետք է կատարել հնարավորինս շուտ՝ չկորցնելով ժամանակ, հավատ և էներգիա:
Առանձին կարևորագույն հարց է նաև Բաքվի բանտերում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական վերնախավին հարվածի տակ չդնելու և հավելյալ ռիսկերի չենթարկելու հրամայականը:
Ակնհայտ է, որ նման ամբիցիոզ ազգային նախագիծը կյանքի կոչելու համար նախապայման է արցախահայության այս պահի առաջնային սոցիալ-կենցաղային հիմնախնդիրների շոշափելի մեղմացումը և նրանց հնարավոր զանգվածային արտագաղթի կանխումը Հայաստանից: Կրկնեմ, որ մենք չունենք ոչ մի իրավունք՝ կորցնելու նման մարդկային, ազգային և քաղաքական ներուժ ունեցող մարդկանց:
Ցավոք, քրեակատարողական հիմնարկի մենախցում ի վիճակի չեմ միայնակ լիարժեք լուծումներ առաջարկել այս ուղղությամբ: Սա պահանջելու է բազմաֆունկցիոնալ մտավոր ներուժի գործարկում: Ուստի շնորհակալ կլինեմ այս ուղղությամբ հանրային, մասնագիտական քննարկումների և բյուրեղացած նախագծի համար»:
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
23:36 03-12-2019
Արտակ Բեգլարյան. «հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է պաշտպանվեն սոցիալական մոդելով»
7298 դիտում
12:10 31-05-2020
Անձնական զրույց Գայանե Ասլամազյանի հետ. հյուրը Արմեն Աշոտյանն է. առանց քաղաքականության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
730 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
952 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
730 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու