211652_close_icon
views-count1453 դիտում article-date 18:04 13-10-2023

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի հետ

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին`  հոկտեմբերի 5-ին ընդունած` «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին» բանաձեւի համար, որում խստագույնս դատապարտվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված եւ չարդարացված ռազմական հարձակումը:

Պատգամավորների ուշադրության կենտրոնում են եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների կարիքների բավարարմանն ուղղված կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը: Անդրադարձ է եղել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված կոչերին եւ դրանց հակադարձելու մեխանիզմներին:

Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ այստեղ` Հայաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու համար նման այցերը մեծ նշանակություն ունեն: Նրա խոսքով բանաձեւերն ու կոշտ հայտարարությունները շատ կարեւոր են, սակայն  ժամանակն է, որ Եվրոպական միությունը հստակ  քայլեր ձեռնարկի:
Կարեւորվել է ԵՄ եւ անդամ պետությունների ներգրավվածությունը խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին:
Քննարկվել են նաեւ տնտեսական, ժողովրդավարական բարեփոխումներին եւ այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր