211652_close_icon
views-count2128 դիտում article-date 15:19 10-10-2023

ԱԱԾ-ի բացահայտած «պետական դավաճանը» արդարացվեց, քրեական հետապնդումը դադարեցվեց. Aravot.am

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) սկսեց պետական դավաճանության դեպքերի բացահայտման շքերթ: Գրեթե ամեն ամիս ԱԱԾ-ն նոր դավաճանների ու թշնամու օգտին աշխատած լրտեսների էր հայտնաբերում եւ տարբեր հոդվածներով մեղադրանքներ առաջադրում: ԱԱԾ-ի հայտնաբերած «պետական դավաճաններից» մեկն էլ Դ. Թ-ն է, որին որպես «դավաճան» հայտնաբերեցին 2021-ի փետրվարին ու մեղադրանք առաջադրեցին:

«Երեկ տեղեկացանք, որ քրեական հետապնդումը դադարեցվելու մասին որոշում է կայացվել, այսինքն՝ պաշտպանյալս ձեռք է բերել փաստացի արդարացվածի կարգավիճակ»,- Aravot.am-ին ասաց Դ. Թ-ի պաշտպան Արթուր Հարությունյանը:

Նրա խոսքով, իր պաշտպանյալը մոտ երեք ամիս անցկացրել է կալանավայրում. «2021-ի փետրվարին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց նյութ, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել, իմ պաշտպանյալն այդ մարդկանցից մեկն է եղել: Այն ժամանակ զինվորական էր, վարորդ, մեղադրվում էր պետական դավաճանության մեջ: Ի սկզբանե մենք հերքում էինք մեղադրանքը, բայց պաշտպանյալիս կալանավորեցին, հետո կալանքի ժամկետը երկարացրին: Գործով մարդ էր անցնում, որը քննությամբ պետք էր վկայակոչված փաստերը ճշտելու համար, այդ մարդուն գտանք, ներկայացրինք քննության: Քննությամբ չհիմնավորվեց մեղադրանքը, կալանքի ժամկետը երկարացնելուց մեկ ամիս հետո վարույթ իրականացնող մարմինը պաշտպանյալիս ազատելու մասին որոշում ընդունեց»:

Փաստաբանը, գործի բնույթից ելնելով, չկարողացավ ասել, թե ինչն էր դրվել մեղադրանքի հիմքում, բայց ասաց, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տվողներ չեն եղել:

Հարությունյանը նաև չասաց, թե, ըստ մեղադրանքի, ինչ տեղեկություններ էր իր պաշտպանյալը թշնամուն տրամադրել ու ինչ գումարի դիմաց. «Այդ տեղեկությունները հիմա չեմ կարող տրամադրել, բայց քննությամբ հիմնավորվեց, որ մեղադրանքը իրականության հետ աղերս չուներ»:

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ են հանիրավի մեղադրանքի ու անազատության մեջ ամիսներ անցկացնելու համար փոխհատուցում պահանջել, ի պատասխան ասաց. «Ամեն ինչ իր ժամանակին»:

Նմանատիպ նյութեր