211652_close_icon
views-count493222 դիտում article-date 21:00 24-09-2023

Երևանում շինհրապարակում բարձրությունից ընկած ու մահացած 29-ամյա տղան ահուսարսափ էր ազերիների համար․ նա մասնակցել է Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներին

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում տեղի է ունեցել գյուղի 29-ամյա բնակիչ Անդրանիկ Հարթենյանի հոգեհանգիստը։

Ներկա էին ոչ միայն հարազատներն ու համագյուղացիները, այլև նրա մարտական ընկերները։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «2 օր է ողջ գյուղը շոկի մեջ է։ Չենք համակերպվում այն մտքի հետ, որ նա լինելով այդքան երիտասարդ, մեր գյուղի ամենահարգված անձանցից էր, ով լինելով այդքան ջահել, հակառակորդի համար ահ ու սարսափ էր ներկայացնում։ Ապրիլյան քառօրյա ու Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից էր։ Իր զինակից ընկերների հետ վերջին ժամանակներս անառիկ էին պահում պոստերը, որտեղ ծառայում էր։ Վերադարձել էր հանգստի ու հորը օգնելու համար գնացել էր Երևան, հոր հետ աշխատում էր ինչ-որ շինարարությունում, որտեղ էլ վերամբարձ կռունկի կատարած անզգույշ հարվածից 16-րդ հարկի տանիքից ցած է ընկել և տեղում մահացել։ Հայրն էլ է ականատես եղել այդ ողբերգական դեպքին։ Չգիտենք՝ ինչ ասենք, ողջ գյուղի համար ծանր վիշտ ա․ թե՛ որպես երիտասարդ, թե՛ որպես ընկեր, չենք ուզում հավատանք, որ նա այլևս մեզ հետ չէ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 22-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում: Ժամը 12:15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների 14 բուժբրիգադի խումբը կանչով մեկնել է Վրացական փողոց 21 հասցեի հարևանությամբ  գտնվող շինհրապարակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույց շենքի բակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Հարթենյանի դին, ով նոր կառուցվող 16 հարկանի շենքի տանիքից վայր է ընկել 2-րդ հարկի կիսակառույց բաց պատշգամբի վրա և տեղում մահացել: 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանկավել է դիակի դատաբժշկական փորձաքննությունն:

Գ. Շամշյանի տեղեկություններով շենքը կառուցում է Ազգային ժողովի նախկին պատգամավորներից մեկի եղբայրը և այն լինելու է Վրացական փողոցի մի քանի հասցեներում, որպես բնակելի համալիր:

Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ իրենք լսել են, որ մահացածը տանիքից ընկել է կռանի կողմից անզգուշաբար հարված ստանալու հետևանքով: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր