211652_close_icon
views-count898 դիտում article-date 09:39 23-09-2023

Մարդու սիրտ է պայթում, որ տեսնում ես ցեղասպանություն է և ոչինչ անել չես կարող. Սմբատ Լպուտյան. Aravot.am

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը երեկ Հանրապետության հրապարակում մեկնարկելիք հանրահավաքից առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց․«Շատ բան չեմ կարող ասել, բայց ինչ որ լսում ենք՝ Արցախը շատ վատ, այնտեղի հասարակությունն էլ քաոսային վիճակում է։ Ու դա չի կարող նորմալ քաղաքացուն չանհանգստացնել, չմտահոգել։

Ես այստեղ եմ, որովհետեւ չեմ կարող որպես մարդ այդ ամբողջը տեսնել եւ հասկանալ, որ մեր ժամանակներում մենք կարող ենք տեսնել ցեղասպանություն եւ ոչինչ անել չկարողանալ։ Դա ամենադաժան բանն է։ Մարդու սիրտ է պայթում»։

Մեր դիտարկմանը, թե վարչապետը վստահեցնում է, որ Արցախի քաղաքացիական բնակչությանը որեւէ վտանգ չի սպառնում և, ըստ էության, խոսում է Արցախի եւ Հայաստանի պայծառ ապագայի մասին, անվանի շախմատիստը պատասխանեց․ «Անկեղծորեն, ես արդեն շատ վաղուց չեմ լսում, թե ինչ է ասում այս վարչապետը, որովհետեւ նրա ոչ մի խոսք ինձ համար այդքան կարեւոր չէ»։

Հարցին, թե քաղաքական ուժերը հասարակության բոլոր խավերին, այդ թվում՝ մարզաշխարհին, կոչ են անում ակտիվորեն ներգրավվել համաժողովրդական ընդվզմանը, ինքը որպես գրոսմայստեր ի՞նչ կասի մեր անվանի մարզիկներին, իր գործընկերներին, Սմբատ Լպուտյանը պատասխանեց․ «Ես մեր սպորտային աշխարհին ոչ մի կոչ չեմ անի։ Ես կոչ կանեմ մեր հայ ժողովրդին, որի մեջ է նաեւ մարզաշխարհը։ Բոլորս հայ ենք, բոլորս քաղաքացի ենք եւ բոլորս պետք է մի ցանկություն ունենանք․ տեսնել լավ Հայաստան, լավ Արցախ, լավ հասարակություն՝ արժեքներով լի։ Վատ է Հայաստանի վիճակը, մենք շատ վտանգավոր վիճակում ենք։ Պետք է համախմբվենք եւ կարողանանք այդ վիճակից դուրս գալ։ Երբ նայում ես Ադրբեջանի ցանկությունները, պարզ երեւում է, որ իրենք այսքանով չեն բավարարվելու։

Իսկ երբ իշխանությունը փոխվի, քաղաքացիների հետ աշխատելու շատ գործ է լինելու ազգային արժեհամակարգի հետ կապված, որովհետեւ ազգային արժեհամակարգ չունեցող քաղաքացին ավելի շատ վնաս է պետությանը»։




 

Նմանատիպ նյութեր