211652_close_icon
views-count829 դիտում article-date 22:09 17-09-2023

ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված 8 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ․ սեպտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի և քվեարկության ողջ ժամանակահատվածում, առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մինչև ժամը 20․00-ն ընկած ժամանակահատվածում ստացված հաղորդումների քրեաիրավական շարժընթացը և այդ կապակցությամբ կատարված աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ըստ այդմ, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, այսինքն՝ 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած շրջանում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն և վարչական շրջանների քննչական բաժիններ ստացվել և ուսումնասիրվել է ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 8 հաղորդում։ Նշված բոլոր հաղորդումների առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Մասնավորապես դրանցից՝

 4-ը նախաձեռնվել են ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը), որոնք առնչվում են ընտրություններին մասնակցող քաղաքական տարբեր ուժերի պաստառները կամ այլ գույքը վնասելով քարոզչությանը խոչընդոտելուն,

 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (գույք ոչնչացնելը կամ վնասելը),  որը վերաբերում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի նախընտրական պաստառը վնասելուն,

 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-րդ մասով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, կամ ընտրությանը, կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների, կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը), որը վերաբերում է այլ անձանց կողմից դիտորդի՝ իր դիտորդական աշխատանքների իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն,

 1-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (оրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), որն առնչվում է քարոզչական երթերին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռմամբ անձանց հավաքագրմանը,

 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), որը վերաբերում է նախընտրական շրջանում Երևան քաղաքի Կուրղինյան փողոցում մի խումբ անձանց միջև առերևույթ միմյանց հարվածներ հասցնելով ուղեկցված միջադեպին։

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ բոլոր քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։ 

«2023թ․  սեպտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն ստացել է քվեարկության ընթացքում, այսինքն՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ընտրական կամ ընտրությունների հետ կապված այլ բնույթի հանցագործությունների մասին 2 հաղորդում։ Նյութերի ուսումնասիրության արդյունքում կազմվել է դրանց առթիվ քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն։

Հաղորդումներից մեկը վերաբերել է առերևույթ  քաղաքացու կողմից մեկից ավելի անգամ քվեարկելուն, որով պարզվել է, որ կրկնաքվերակությունը նույնականացման քարտը սարքավորման մեջ անցկացնելու հետ կապված տեխնիկական խնդրի արդյունք է։
Երկրորդ հաղորդումը վերաբերել է այլ բնույթի արարքի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առերևույթ հանցագործությունների վերաբերյալ նոր տվյալներ ստացվելու դեպքում ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հանրությանը տեղեկատվություն կտրամադրի դրանց, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության արդյունքների վերաբերյալ։     

Նմանատիպ նյութեր