211652_close_icon
views-count1042 դիտում article-date 19:31 28-08-2023

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ԼՂ մեկնելու պատրաստակամություն է հայտնել

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Նա նշել է, որ վերահաստատում է իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու համար մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների հաղթահարման գործում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել Եվրոպայի Խորհրդի կայքէջում:

«2022 թվականի դեկտեմբերից` Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո, ես շարունակում եմ լրջորեն մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով և այնտեղի բնակչության իրավունքների խնդրով։ Ես կրկնում եմ այդ ճանապարհով ազատ տեղաշարժը վերականգնելու իմ նախկինում արված կոչը»,- նշել է Միյատովիչը։

Նրա խոսքով` չնայած իր և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին, հաղորդվում է, որ տարածքում հումանիտար իրավիճակի և մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներն ավելի են վատթարացել։ Միյատովիչը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը հատկապես ազդում է առավել խոցելի մարդկանց վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի հասանելիության, ինչպես նաև շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում, նշել է, որ բնակչությունը բախվում է կենսական անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ»,- ասել է նա։

Միյատովիչի խոսքով` համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն, որպեսզի խուսափեն տեղի բնակչության առջև ծառացած շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և պետք է երաշխավորվի մարդասիրական օգնություն տրամադրողների անվտանգ ու ազատ տեղաշարժը։

«Ինչպես նշված է 2021 թվականի իմ հուշագրում, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր