211652_close_icon
views-count62818 դիտում article-date 11:17 08-08-2023

Երևանում պարեկներն իրականացրել են «Իմ Hummer-ը քո Hummer-ին վնաս չէ» օպերացիա․ Hummer-ի վարորդը, ով ամենաբարձր աստիճանի խմած էր, չուներ վարորդական իրավունքի վկայական, իսկ ավտոմեքենան էլ հետախուզման մեջ էր, երթևեկում էր հանդիպակաց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգստոսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Իմ Hummer-ը քո Hummer-ին վնաս չէ» անվանումը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Hummer մակնիշի 77 NN 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով նախկինում ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար զրկված է եղել, շարունակում է ոչ միայն վարել ավտոմեքենան, այլ նաև չարամտորեն խախտում է ճանապարհայիյն երթևեկության կանոնները։

Երեկ հերթական օպերատիվ տեղեկություններ է ստացվում ՊԾ Երևան քաղաքի գնդում, որ նշված Hummer-ը Աշտարակի խճուղում երթևեկում է հանդիպակաց գոտիով։

Գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանանի հանձնարարարականով 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ուղևորվում են Աշտարակի խճուղի, որտեղ էլ ականատես են լինում, թե ինչպես է Hummer-ը դեպի Երևան ընթանում հանդիպակաց գոտիով։

Պարեկները կանգնեցնում են Hummer-ը, սակայն նա մի պահ շարունակում է վարել այն, ապա վարորդը Hummer-ը կանգնեցնում, դուրս է գալիս ավտոմեքենայից և վազում դեպի հարևանությամբ գտնվող ավտոլվացման կետ։

Պարեկները, երբ փորձում են ավտոմեքենան տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, Hummer-ի վարորդն ու նրա ընկերները փորձում են համոզել, մի պահ նաև խոչընդոտել պարեկների օրինական գործողություններին, որպեսզի Hummer-ը չտեղափոխվի «պլաշադկա», սակայն՝ ապարդյուն։

Պարեկները Hummer-ը տեղափոխում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 52-ամյա Վաղիկ Ասատրյանը ենթարկվում է սթափության փորձաքննության․ պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ավտոմեքենան էլ գտնվելիս է եղել հետախուզման մեջ։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում և այն փոխանցվելու է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հնարավոր է նախաձեռնվի քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր