211652_close_icon
views-count934 դիտում article-date 17:02 21-07-2023

Ադրբեջանի «քաղհասարակության» հրապարակած բաց նամակի պնդումներն ակնհայտ սուտ են. ՀՀ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի Հանրապետությունում գործող մի շարք այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից ուղարկված բաց նամակը, որը վերաբերում է ենթադրյալ «բնապահպանական լուրջ ճգնաժամին՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությամբ»։ Նամակում տեղ գտած պնդումներն ակնհայտ սուտ են։ Հայտնում է ՇՄՆ-ն։
 
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը, որի սեփական հեղինակությունը բնապահպանական հարցերում տխրահռչակ է, փորձում է օգտագործել այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունները» հանրային կապերի նպատակով Հայաստանի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց և ուղղորդեց նմանատիպ բազմաթիվ կազմակերպությունների՝ այսպես կոչված «բնապահպանական բողոքներ» անցկացնել՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ կտրելով Լեռնային Ղարաբաղի 120.000 էթնիկ հայերին արտաքին աշխարհից և լուրջ հետևանքներ պատճառելով Արցախի շրջակա միջավայրին։ Այն, որ նման «բողոքները» պատրվակ էին և իրականում ղեկավարվում էին Ադրբեջանի կողմից, վկայում է այն փաստը, որ «ցուցարարները» ցրվեցին այն պահին, երբ Ադրբեջանը կարողացավ դրանք փոխարինել նույն ճանապարհով երթևեկությունը խոչընդոտող կառավարական անցակետով։
 
Բաց նամակում արված պնդումներն ամբողջովին անհիմն են և արժանի չեն արձագանքի։ Այնուամենայնիվ, Շրջակա միջավայրի նախարարությունը տեղին է համարում հակիրճ անդրադառնալ հետևյալ կետերին.
 
1. Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ենթադրյալ աղտոտմանը (նշված բաց նամակի նախաբանում և դրա 1-3-րդ կետերում), նախարարությունը նշում է, որ Հայաստանի գետերի բոլոր անդրսահմանային հատվածներում կան ջրի որակի մոնիթորինգի դիտակետեր, որտեղ ամենամսյա պարբերականությամբ իրականացվում է ջրի որակի բոլոր պարամետրերի, այդ թվում՝ ծանր մետաղների մոնիթորինգ։ Հանքարդյունաբերական ձեռնարկությունները օրենքով սահմանված կարգով իրականացնում են ջրի որակի, մթնոլորտային օդի և հողերի աղտոտվածության մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում են նախարարություն եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևով, որոնք այնուհետև հրապարակվում են։ Միևնույն ժամանակ Հայաստանը Կովկասի տարածաշրջանում «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) միակ անդամ երկիրն է, ինչը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է բնական պաշարների բաց և պատասխանատու կառավարմանը։
 
2. Ի պատասխան բաց նամակի 4-րդ կետի՝ նախարարությունը նշում է, որ Սոթքի ոսկու հանքավայրը 1964 թվականին օրինական կերպով տրվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը, և, հետևաբար, իրավահաջորդության հիման վրա այն այժմ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Բաց նամակում տեղ գտած պնդումն այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանը խախտել է «էկոլոգիական հավասարակշռության իրավունքները», պարզապես սխալ է. նման որոշում գոյություն չունի.
 
3. Բաց նամակի 5-րդ կետը խեղաթյուրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թվականի փետրվարի 14-ի վճիռները։ Այդ վճիռներում Դատարանը ընդունել է, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը բխում է հանրային շահից։ Դատարանը փոխհատուցում է տրամադրել Հայաստանի քաղաքացիներին միայն այն պատճառով, որ նրանց ունեցվածքը օտարվել է այս ծրագրի համար: Հակառակ բաց նամակում արված պնդումների՝ Դատարանը հանքարդյունաբերական գործունեությունը ապօրինի չի համարել։
 
4. Գրության 6-րդ կետում նշված անվանմամբ հանքավայրը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում է Հայաստանի Հանրապետության կողմից:
 
5. Ինչ վերաբերում է նամակի 7-րդ կետում հիշատակված Ախթալայի ԼՀԿ-ին, ապա այն գործում է նոր տեխնոլոգիայով, որը չի նախատեսում պոչամբարների օգտագործում։
 
6. Բաց նամակի 8-րդ կետում նշված անվանմամբ գործարանը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում Հայաստանի Հանրապետության կողմից։
 
7. Բաց նամակի 9-րդ կետում նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում պղնձի, ցինկի և կապարի արտադրությամբ զբաղվող գործարան գոյություն չունի։
 
8. Բաց նամակի 10-րդ կետը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում պղնձաձուլարան գոյություն չունի։
 
9. Ինչ վերաբերում է Երասխի գործարանին, ապա այն լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Այս առնչությամբ սույն թվականի հունիսի 15-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել մանրամասն պարզաբանմամբ։ (http://www.mnp.am/news/yeraskh-15-06-2023):
 
10. Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքավայրին, այն դեռևս չի մտել շահագործման փուլ, հետևաբար որևէ աղտոտման մասին խոսք գնալ չի կարող։ Իսկ դրա շահագործման ընթացքում կպահպանվի բնապահպանական ռիսկերի կառավարման ամենաբարձր միջազգային ստանդարտը, և դրա իրականացումը խստորեն կվերահսկվի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից։
 
11. Հարկ է նշել, որ Հայաստանի սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին։ Սա ապացուցվել է դեռևս տարիներ առաջ, երբ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) աջակցությամբ 6 տարի շարունակ, 40 ցուցանիշների մասով ուսումնասիրություններ է կատարել սահմանային կետերում՝ կիրառելով ծրագրի շրջանակում հարևան երկրների հետ համատեղ ընդունված նույն մեթոդաբանությունը։

Նմանատիպ նյութեր