211652_close_icon

«Ձեր ներուժը կօգտագործվի պետական կառավարման համակարգում». Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Փամբուխչյանին

views-count1102 դիտում article-date 14:50 29-06-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Կառավարության այսօրվա նիստում շնորհակալություն հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին կատարած աշխատանքի համար՝ հիշեցնելով, որ Փամբուխչյանը որպես նախարար վերջին անգամ է մասնակցում գործադիր մարմնի նիստին։

«Պարո՛ն Փամբուխչյան, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար և համոզված եմ, որ ձեր ներուժը, հմտությունները կօգտագործվեն պետական կառավարման համակարգում ի բարօրություն մեր պետության»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ ԱԻՆ-ը հունիսի 31-ից կմիավորվի ՆԳՆ-ին։

Նախարարի պաշտոնը լքող Փամբուխչյանն էլ վստահության ու համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ու գործընկերներին։

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը հունիսի 30-ից կազատվի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:

Հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ Փամբուխչյանը Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:

Նմանատիպ նյութեր