211652_close_icon
views-count601 դիտում article-date 17:22 19-06-2023

Խաղաղությանը միտված բանակցությունները տեղի են ունենում ուժերի անհավասարակշիռ պայմաններում. ֆրանսիացի քաղաքական գործիչները ԼՂ-ին սատարելու կոչ են արել

Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության՝ ավելի քան 170 պատգամավորներ, սենատորներ և տարածքային մարմինների ընտրված ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քսավյե Բերտրան, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Կաննի քաղաքապետ, Ֆրանսիայի քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Դավիդ Լիսնարը, Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում ԼՂ վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ Բրունո Ռըտայոն, Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Օլիվյե Մարլեն, «Հանրապետականներ» կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին, «Հանրապետականներ» կուսակցության նախագահ Էրիկ Սիոտին և այլք հանդես են եկել «Լեռնային Ղարաբաղի ծրագրված վախճանը» և այդ տարածքի հայ բնակչության` ջարդերի ենթարկվելու վտանգը կանխելու վերաբերյալ հավաքական կոչով։

Կոչը հրապարակվել է ֆրանսիական «Լա Ֆիգարո»-ում, որի հայերեն թարգմանությունը ներկայացվում է ստորև.

«Սա տագնապի ահազանգ է, որը ցանկանում ենք հնչեցնել: Տագնապի ահազանգ բոլոր նրանց կողմից, ովքեր չեն ցանկանում լռել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծրագրված վախճանի և այդ տարածքի հայ բնակչության՝ ջարդերի ենթարկվելու վտանգի։

Հայաստանը, 2020 թվականի աշնանը Ադրբեջանի տարած հաղթանակից հետո, հայտնվել է խիստ թուլացված և խոցելի վիճակում: Այդ ժամանակից ի վեր, Բաքվի ռեժիմի հետ Հայաստանի՝ խաղաղությանը միտված բանակցությունները տեղի են ունենում ուժերի լիակատար անհավասարակշռության պայմաններում. Ռուսաստանի դե ֆակտո և դե յուրե դաշնակից Ադրբեջանը, ինչպես օրեր առաջ այդ մասին հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, վեց ամիս շարունակ անմարդկային շրջափակում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չգրավված հատվածի նկատմամբ՝ սովի ենթարկելու և այնտեղ ապրող 120.000 հայերին վտարելու բացահայտորեն հայտարարված հավակնությամբ:

Ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է երաշխավորեին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը, փաստացի նաև մատակարարումները, ի ցույց դրեցին իրենց անկարողությունը։ Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված անհապաղ ապաշրջափակում պարտավորեցնող որոշումը Իլհամ Ալիևի համար մնացին անհետևանք։

Մնալով միայնակ և առանց օժանդակության գերզինված Ադրբեջանի ռազմատենչ ու պահանջատիրական նկրտումներին դեմ հանդիման՝ Հայաստանն այժմ փորձում է փրկել իր սեփական տարածքային ամբողջականությունը։ Այս համատեքստում, հանդես ենք գալիս Ֆրանսիական Հանրապետության նախագահին ուղղված պաշտոնական կոչով․ Ֆրանսիան կարող է միջամտել, Ֆրանսիան պետք է միջամտի: Մենք պարտավոր ենք դա անել, որովհետև ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հայերը ոչ միայն մարմնավորում են ժողովրդավարական արժեքները մի տարածաշրջանում, որտեղ առանց բացառության իշխում են ավտորիտար, մինչև անգամ, բռնապետական ​​պետությունները, այլ ստանձնել են մեզ համար ընդհանուր քրիստոնեական մշակույթի առաջապահի դերը։ Պարտավոր ենք դա անել, քանի որ այդպես է թելադրում պաշտպանելու մեր պատասխանատվությունը, որը բխում է 2005 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի առջև ստանձնած մեր պարտավորություններից:

Կարող ենք և պետք է միջամտենք կրկին հրավիրելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ ընթացող բանակցությունների շրջանակ վերափոխելու համար: Քանի որ ընդունել այդ բանակցություններն այնպիսին, ինչպիսին դրանք ընթացել են մինչև Քիշնև, այսինքն Ֆրանսիայի և Արևմուտքի վրայից հանելով  Լեռնային Ղարաբաղի հայերին վերստին լքելու պատասխանատվությունը, ինչպես ժամանակին լքել էինք Կիլիկիայի հայերին, կնշանակի համաձայնել մոտալուտ պատերազմին, Հայաստանի և տարածաշրջանի ապակայունացմանը, ինչը վտանգավոր է բոլորիս համար։

Ուստի, Անվտանգության խորհուրդը պետք է իր բանաձևով պարտադրի այն փաստը, որ այս բանակցությունների նախապայմանը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտման ցանկացած գործընթացի բացառման բացարձակ երաշխիքը։ Անվտանգության նման երաշխիքը, որը Ֆրանսիան պետք է պահանջի և պարտադրի, կհենվի միայն միջդիրքային միջազգային ուժերին տրված մանդատի վրա, որոնք կլրացնեն իրենց անարդյունավետությամբ աչքի ընկած ռուսական խաղաղապահ ուժերին․ վերջիններիս՝ 2025 թվականից հետո մանդատի երկարաձգումը վտանգված է: Ի վերջո, այդ բանաձևը պետք է սահմանի, ըստ էության վերականգնի, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը՝ որպես նրանց կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքի գլխավոր երաշխիք՝ դիմակայելու ռասայական ատելության հիմքի վրա կառուցված ադրբեջանական պետությանը։

Հրամայական ենք համարում, որ նախագահ Մակրոնը  կյանքի և արժանապատվության այս հիմնարար իրավունքի սկզբունքը վերահաստատի հենց Գորիսում՝ շրջափակված Լեռնային Ղարաբաղի դարպասների մոտ, ինչպես նրան նախորդող նախագահները՝ Ֆրանսուա Միտերանը և Ժակ Շիրակն արեցին Սարաևոյում։

Մի աշխարհում, որտեղ կործանիչ և ծավալապաշտ  ուժերն առաջընթաց են արձանագրում, Ֆրանսիան կարող է և պետք է հանդես գա հայ-ադրբեջանական բանակցություններում հավասարակշռությունը վերականգնելու նախաձեռնությամբ՝ մեր բոլոր գործընկերների հետ միասին վերաիմաստավորելով Հարավային Կովկասում հաստատված անվտանգային ճարտարապետությունը: 

Այս վերաձևակերպման դրսևորումը պետք է լինի նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանական կարողությունների հզորացումը, ինչին պետք է մեր նպաստը բերենք։ Քանի որ միայն Հայաստանը, ով ի զորու է ինքնապաշտպանվելու (ինչն այսօր այդպես չէ), կվերագտնի իր ինքնավստահությունը, վստահությունը ժողովրդավարական արժեքների հանդեպ, որի՝ գրեթե միակ կրողն է տարածաշրջանում»:

Նմանատիպ նյութեր