211652_close_icon
views-count976 դիտում article-date 11:22 06-06-2023

Առաջին անգամ՝ պարտված կարգավիճակով․ «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի առաջնորդողը գրում է․ «Վարչապետ Փաշինյանի այցն Անկարա՝ Թուրքիայում ընտրություններում հաղթած Ռեջեբ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, հասարակության ընդդիմադիր հատվածում բուռն բացասական արձագանք է առաջացրել:

Իսկապես, պետք է հիշել, որ խոսքն այն նույն Էրդողանի մասին է, որի երկիրն, ըստ էության, ղեկավարում էր Ադրբեջանի զինված ուժերը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ ժամանակակից հարձակողական զենքը ոչ միայն տրամադրվում էր թշնամուն, այլեւ կառավարվում էր թուրք զինվորականների կողմից, ըստ ամենայնի՝ հենց Թուրքիայի տարածքից:

Այսօր շատերն են հիշում նաեւ այն փաստը, որ դա Հայաստանի՝ ղեկավարի մակարդակով Թուրքիա կատարած առաջին այցը չէ: Հարեւան երկիր են այցելել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: Բայց նրանք Թուրքիայում էին որպես հաղթող կամ հաղթած երկրի նախագահներ: Մասնավորապես, 1993 թվականի ապրիլին, երբ ՀՀ առաջին նախագահը մասնակցում էր Թուրքիայի նախագահ Օզալի հուղարկավորությանը, Բերձորի եւ Քարվաճառի շրջանները մեր վերահսկողության տակ էին: Մնացած այցերը տեղի էին ունեցել 1994-ի մայիսից հետո:

Մինչդեռ Փաշինյանը պարտված երկրի ղեկավար է, որից հաղթող կողմը, այսինքն՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, պարտության դիմաց «ռազմավար» է պահանջում: Նաեւ վստահ եմ, որ թուրքական կողմը բարձրացրել է «Նեմեսիսի» արձանը ապամոնտաժելու հարցը: Արձանի տեղադրումը գուցեեւ վիճելի էր, բայց ապամոնտաժումը կլինի հերթական ազգային խայտառակությունը:

Այնուամենայնիվ, ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ այդ այցն ինքնին սխալ է: Նայած, թե ինչ օրակարգով էր այն տեղի ունենում եւ ինչպես էր Փաշինյանն արձագանքում դիմացինների պահանջներին: Ճշմարտությունը մեզ, միեւնույն է, պաշտոնապես ոչ ոք չի ասի:

Բայց իրականությունը պարզ կդառնա մոտակա օրերին կամ շաբաթներին: Փաշինյանի արձագանքը եւ Ադրբեջանի հետագա գործողությունների լկտիության մակարդակը ուղիղ համեմատականի մեջ են»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր