211652_close_icon
views-count1003 դիտում article-date 16:22 07-05-2023

ՀՀ նախագահը թագադրման կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Չարլզ Երրորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության
թագավոր Չարլզ Երրորդին թագադրման կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Ի սրտե շնորհավորում եմ թագադրման կապակցությամբ և լավագույն մաղթանքներս եմ հղում Ձերդ Մեծությանը, արքայական ընտանիքի անդամներին, ինչպես նաև Միացյալ Թագավորության և Ազգերի համագործակցության անդամ երկրների ժողովուրդներին:

Անչափ տպավորված եմ թագադրման արարողությունից, որը, անշուշտ, պատմական իրադարձություն է: Վստահ եմ, որ կշարունակեք նվիրվածությամբ առաջնորդել Միացյալ Թագավորությունը և ծառայել բրիտանացի ժողովրդին՝ հավատարմորեն պահպանելով արքայական թագի ավանդույթները:

Լիահույս եմ, որ Ձերդ Մեծության գահակալման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձերդ Մեծությանը հարմար ժամանակ այցելելու Հայաստան։

Մաղթում եմ Ձերդ Մեծությանը քաջառողջություն, արևշատություն, ուժ և կորով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունն առաջնորդելու կարևոր առաքելության մեջ»:

Նմանատիպ նյութեր