211652_close_icon
views-count66422 դիտում article-date 09:46 01-05-2023

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 34-ամյա վարորդը Opel-ով Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 43/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, դեռևս ինքնությունը չպարզված, տղամարդ հետիոտնի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ 

Վարորդն այնուհետև ահազանգել է 1-02։ 

Տեղում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել նրան, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր