211652_close_icon
views-count778 դիտում article-date 09:49 26-04-2023

Հայ-թուրքական կարգավորման հիմնական հարցը ոչ թե Հայոց Ցեղասպանությունն է, այլ հայ-ադրբեջանական հարաբերությունները․ «Ամերիկայի ձայն»

Որքանով է Հայոց ցեղասպանության հարցը ազդում հայ-թուրքական երկխոսության վրա: Վերլուծաբանների մոտեցումներն այս հարցում տարբեր են։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց Ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը և վերհիշում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը, ասված է Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում։ ԱՄՆ նախագահը շեշտել է՝ 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Հիշեցնենք, որ նախագահ Բայդենը «ցեղասպանություն» եզրը Մեծ Եղեռնի կապակցությամբ առաջին անգամ կիրառեց դեռևս 2021 թվականի իր ուղերձում:

Անկարան կրկին անգամ մերժել է Հայոց Ցեղասպանության ճանաչումը և հակադարձել 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն կոչելու հայտարարություններին: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն իր թվիթերյան գրառման մեջ Հայոց Ցեղասպանության մասին հայտարարութունները որակել է «պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ քաղաքական շառլատանների կողմից»: Ոչ ոք չի համարձակվի մեզ դասեր տալ մեր պատմության մասին, գրել է Չավուշօղլուն Թվիթերում, իսկ Թուրքիայի արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ խստիվ դատապարտել է Հայոց Ցեղասպանության մասին ուղերձները՝ դրանք որակելով «անհիմն և սխալ»:

Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան, վերլուծաբան Դեյվիդ Սաթերֆիլդի կարծիքով նախագահ Բայդենի հայտարարությունը արտացոլում է 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ամերկյան տեսակետը, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր, սակայն Թուրքիայի կառավարության արձագանքը ևս անսպասելի չէր:

«Դա եղել է թուրքական կառավարության բազմակի հետևողական դիրքորոշումը Թուրքիայի ժամանակակից պատմության ընթացքում»,- ասում է նա:

Սաթերֆիլդի կարծիքով սեփական պատմության հետ առերեսումը դժվարին մարտահրավեր է շատ ազգերի համար, ներառյալ ամերիկյան ժողովրդի:

«Թուրքերի համար չափազանց դժվար է առերեսվել սեփական պատմության հետ, ճիշտ այնպես, ինչպես դժվար է եղել մեզ և ուրիշ շատերին, սակայն դա անհրաժեշտ է անել»,- ընդգծել է նախկին դեսպանը:

Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ֆաթմա Մյուգե Գոթեկը, ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի կազմակերպած հայ-թուրքական հարաբերությունների մասին հեռավար քննարկմանը, ժամանակակից Թուրքիայի խորքային խնդիրների հիմքում տեսնում է անցյալում տեղի ունեցած բռնությունների նկատմամբ պատասխանատվության բացակայությունը, դրանց ժխտումը ու լռեցումը թուրքական պետականության կողմից։ Նա կարևորում է պատասխանատվության ընդունումն անցյալի բռնությունների համար:

«Օգտվելով այս հնարավորությունից՝ որպես Թուրքիայի քաղաքացի և որպես մարդ, ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր հայերից այն տառապանքների համար, որոնք պատճառվել են նրանց թուրքական պետության և հասարակության կողմից իրենց իսկ նախնիների հողերում: Որպես Թուրքիայի քաղաքացի՝ ես ստանձնում եմ այս պատասխանատվությունը և ընդունում այն հրապարակավ»,- հայտարարել է թուրք պրոֆեսորը:

Նրա կարծիքով Հայոց Ցեղասպանության հարցն իր ազդեցություն է թողնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, քանի որ նախկինում եղած բռնությունները խոչընդոտում են հարաբերությունների արգավորմանը: Քանի դեռ թուրք առաջնորդները և պետությունը չեն ճանաչել անցյալում իրականացրած բռնությունները, նրանք կշարունակեն կիրառել դրանք ապագայում, պնդում է նա:

«Ես հենց այդպես եմ տեսնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը։ Կարծում եմ՝ Թուրքիայի նման միջամտությունն այստեղ առաջին հերթին պատասխանատվության բացակայության հետևանք էր»,- ասել է նա:

Պրոֆեսոր Գոթեկը ընդգծում է, որ նա համակարծիք չէ ադրբեջանական հանրության այն պնդման հետ, որ ցեղասպանությունը և դրա ժխտումը ոչ մի կապ չունեն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում այսօր տարածաշրջանում: Ես պնդում եմ, որ դա տեղի ունեցածը լռեցնելու միջոց է, ասում է թուրք գիտնականը:

Իր հերթին ադրբեջանցի վերլուծաբան Ահմադ Ալիլին, ելույթ ունենալով հայ-թուրքական վերոհիշյալ քննարկմանը, գտնում է.

«Թուրքիայում կան հետազոտողներ, ովքեր կարող են դուրս գալ և խոսել 1915 -ի իրադրաձությունների մասին։ Սակայն, կարծում եմ, որ դա տաբու թեմա է Ադրբեջանում, քանի որ ադրբեջանցիները շատ ու շատ ավելի կենտրոնացած են 1918 թվականի իրադարձությունների վրա, քան 1915 -ի»,- ասում է նա:

Կովկասյան ինստիտուտի տնօրեն, հայազգի վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանն էլ Հայոց ցեղասպանության խնդիրը չի դիտարկում որպես հայ-թուրքական կարգավորման գործընթացի հիմնական հարց։ Նրա կարծիքով այսօր գոյություն ունեցող հայ-թուրքական դիսկուրսի հիմնական ազդեցիկ խնդիրն Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններն են:

«Դա չի նշանակում, որ ընդհանրապես չկա Ցեղասպանության խնդիր: Ուղղակի հիմնական հարցը Ադրբեջանի հետ հարաբերություններն են: Սովորաբար թուրքական կողմը ասում է հայկականին՝ արե՛ք Ալիևի ասածները, ու ամեն ինչ լավ կլինի։ Ինչպես լավ կլինի, դա մեկ այլ հարց է, բայց ակնհայտ է, որ այստեղ հիմնական տեղն են զբաղեցնում Ադրբեջանի հետ հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդիրն ու նման հարցեր, այլ ոչ թե ցեղասպանությունը»,- նշում է նա:

Իսկանդարյանի պնդմամբ՝ Հայաստանում հանրությունը ավելի մեծ կարևորություն է տալիս անվտանգության հարցերին, որոնք արդիական են: Խոսքն այժմ քաղաքական իրավիճակի մասին է, ուստի հայ հասարակության համար այսօր ավելի կարևոր է Լեռնային Ղարաբաղում մարդկանց ֆիզիկական գոյության հարցերն ու Ադրբեջանի հետ հակամարտությունը, գտնում է Իսկանդարյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր