211652_close_icon
views-count1105 դիտում article-date 09:25 21-04-2023

Մենք պետք է դադարեցնենք օգնությունը Ալիևի ռեժիմին և նրան պատասխանատվության ենթարկենք ռազմական հանցագործությունների համար․ ԱՄՆ կոնգրեսական․ «Ամերիկայի ձայն»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը և մարդասիրական ճգնաժամի հեռանկարը կենտրոնական տեղ էր զբաղեցնում ապրիլի 19-ին ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառմանը ավելի քան երկու տասնյակ ամերիկացի օրենդիրների ելույթներում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք գիտենք, որ Արցախում մարդիկ տառապում են, չունեն բավարար սնունդ, չունեն բժշկական պարագաներ: Ինձ համար դա նման է ցեղասպանության, բայց մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- հայտարարել է Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը:

«Այնտեղ հայերն առերեսվում են սուր հումանիտար ճգնաժամի հետ, առկա է առաջնային ապրանքնեի, բժշկական պարագաների, սննդի, ջրի պակաս։ Նրանք նաև կանգնած են էթնիկ զտումների հերթական վտանգի առաջ։ Իմ կարծիքով, Միացյալ Նահանգների արձագանքն անընդունելի էր»,- հայատարարում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր խոսքում շեշտում է՝ հակամարտությունը պետք է ստանա բանակցային, համապարփակ և տեւական կարգավորում՝ խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար: Հայ ժողովրդին սատարելը վեր է կուսակցական նախասիրությունից ու քաղաքականությունից, հայտարարեց Նենսի Փելոսին: Ամերիկայի ձայնի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Նենսի Փելոսին մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացությամբ, ընդգծել, որ մշտապես կապի մեջ է վարչակազմի հետ այս հարցով այլ կոնգրեսականների, ներառյալ Ադամ Շիֆի հետ և կարևորել այստեղ ամերիկյան ներկայությունը՝ իրավիճակը ճիշտ գնահատելու համար։

Միացյալ Նահանգների արձագանքը Լաչինի միջանցքի արգելափակմանն անընդունելի էր. սենատոր Մենենդես

«Միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի, և դա մեր առաքելությունն է այժմ՝ համոզվելու, որ դադարեցվել է այն, ինչ տեղի է ունենում այսօր միջանցքի շուրջ»,- ասել է նա:

Միջոցառմանը Կալիֆոռնիայի սենատոր Ալեքս Փադիլլան տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է Սենատում առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դատապարտող բանաձև, իսկ հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը իր խոսքում մտահոգություն հայտնեց, որ այսօր Ադրբեջանը պատրաստվում է մեկ այլ լայնածավալ պատերազմի:

«Մենք պետք է դադարեցնենք օգնությունը Ալիևի ռեժիմին և նրան պատասխանատվության ենթարկենք ռազմական հանցագործությունների համար։ Մենք պետք է խիստ պատժամիջոցներ սահմանենք, որպեսզի նա վերաբացի Լաչինի միջանցքը և ազատ արձակի ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին։ Եվ ես կոչ եմ անում վարչակազմին և Կոնգրեսին աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին»,- իր ելույթում նշել է կոնգրեսական Շիֆը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով կոչ է արել Բաքվին ապահովել Լաչինի միջանցքի անխափան գործունեւոթյունը, ներառյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի ղեկավարության հետ հեռախոսազրույցների ընթացքում, որ պետքարտուղարը մշտապես վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը առևտրային և մասնավոր տեղաշարժերի համար: Դրա հետ մեկտեղ, մարտ ամսին՝ տարածաշրջանում գտնվելու ընթացքում, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ընդգծելով, որ ԱՄՆ կշարունակի բարձրացնել Լաչինի միջանցքի վերաբացման հարցը, բացառել է, սակայն, որևէ պատժամիջոցների կիրառումը Բաքվի նկատմամբ այս հարցում: Այս դիրքորոշոեւմը խիստ քննադատության է ենթարկվել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կողմից, ներառյալ համանախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆի: Վերջինս Լուիս Բոնոյին նամակ է հղել ավելի քան երեք տասնյակ կոնգրեսականների ստորագրությամբ, ուր խստորեն քննադատել է պատժամիջոցներ բացառելու մասին հայտարարությունը:

Կոնգևեսի միջոցառմանը մասնակից օրենսդիրներից շատերը իրենց աջակցությունը հայտնեցին հաջորդ շաբաթ ներկայացվող «Հայոց Ցեղասպանության կրթական ակտ» անունը կրող օրենսդրական նախաձեռնությանը, որով հինգ տարվա ընթացքում պետք է 10 միլիոն դոլար տրամադրվի Կոնգրեսի գրադարանին՝ Օսմանյան կայսրությունում հայերի, հույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության, ներառյալ մշակութային ցեղասպանության մասին ամերիկյան հանրության տեղեկացվածության մեծացմանը: Օրինագծի համահեղինակ կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն ընդգծում է դրա ընդունման կարևրությունը:

«Եթե մենք ժամանակ չհատկացնենք՝ վստահ լինելու համար, որ դասեր ենք քաղել պատմությունից և անում ենք հնարավորը կանխելու դրանց կրկնությունը, ապա կարծում եմ, որ բաց ենք թողնում մեր աշխարհն ավելի լավը դարձնելու հնարավորությունը: Այսպիսով, կարծում եմ, որ դա կարևոր է»,- պնդում է հայկական հանձնախմբի հանրապետական համանախագահ, կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն:

Միջոցառման ընթացքում ամերիկացի կոնգրեսականներից բացի ելույթներով հանդես եկան տարբեր ազգային ու կրոնական կազմակերպություների ղեկավարներ, վերլուծաբաններ, հոգևորականներ ու ամերիկահայ կառույցների ղեկավարներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր