211652_close_icon
views-count69316 դիտում article-date 17:30 13-04-2023

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ «Վեոլիա Ջուր» ընկերության պահեստում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով աշխատակցի դին և ոստիկանության ծառայողի անվամբ հաշվառված ատրճանակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գտնվող «Վեոլիա Ջուր» ընկերության պահեստում տղամարդու դի կա։ 

Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանն ու նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանը։ 

Օպերատիվորեն ժամանել ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Կոտայքի մարզի դատախազության ներկայացուցիչները։

Ոստիկաններն ու քննիչները «Վեոլիա ջրի» նշված պահեստում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Ս․-ն է։ Իսկ դիակի մոտ հայտնաբերվել է նշված վայրում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը։ 

Տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, սպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար՝ պարզվում է։

Դեպքի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Քննիչի կողմից առգրավվել է նաև ատրճանակը։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր