211652_close_icon

Պետք է ապրել խաղաղ և թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լիտվայի Սեյմի պատվիրակության ղեկավար

views-count997 դիտում article-date 14:57 05-04-2023
Հայաստան ժամանած Լիտվայի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։

Այսօր ծանոթացանք փաստերի հետ, որոնք մեզ հայտնի չեն եղել: Լիտվայի ժողովուրդն էլ է անցել դժվարությունների միջով, բայց մեր պատմությունն այդքան ողբերգական չէ: Պետք է ապրել խաղաղ, միշտ հիշել անցյալը, դրանից անել հետեւություններ եւ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. ասել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության ղեկավար Ռիմանտե Շալաշեւիչիուտեն: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանի եւ Գայանե Եղիազարյանի ուղեկցությամբ ապրիլի 5-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Լիտվայի  խորհրդարանականներն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Պատվիրակության անդամ, Լիտվայի Հանրապետության Սեյմի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիտաուտաս Ռասկեւիչյուսը, ծանոթանալով վավերագրերին, ասել է. «Կարծում եմ` մարդկությունը պետք է ուշադիր լինի անցյալում տեղի ունեցած դաժանությունների` հատկապես Հայոց ցեղասպանության հանդեպ: Ուզում եմ համոզված լինել, որ այսպիսի դաժանություններ այլեւս չեն կրկնվի»:

Նմանատիպ նյութեր