211652_close_icon
views-count1447 դիտում article-date 11:11 05-04-2023

«Կուսակցությունն» ու «ժողովուրդը» միասնական են․ ո՞րն է «չհաբռգելու» դեղատոմսը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «2018 թվականի հունիսի 9-ին ես հարցազրույց էի վերցրել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանից: Ես հիշեցրի, որ մարդիկ, իշխանության մեջ 2-3 տարի լինելուց հետո, կոպիտ ասած, «հաբռգում» են: Ո՞րն է հապա «չհաբռգելու» դեղատոմսը: Փոխվարչապետի պատասխանն այն էր, որ դեղատոմսը նոր Հայաստանի մասին երազանքն է: Իսկ եթե որեւէ մեկի հետ նման բան պատահի, ապա պետք է լինի մեխանիզմ, որն այդ մարդուն կհեռացնի իշխանական համակարգից:

Ինչպես տեսնում ենք, նման մեխանիզմ չկա՝ այսօրվա իշխանական պատգամավորները Շմայսի եւ Թոխմախի Մհերի «արժանի ժառանգներն» են: Պետք է հասկանալ, թե ինչու նման մեխանիզմներ գոյություն չունեն:

Նախ ճշտենք, թե ինչ տեսակի մեխանիզմների մասին է խոսքը: Դժվար թե՝ օրենսդրական: Կարծում եմ, որ իմաստ չկա գրել օրենքներում՝ «չի՛ կարելի թքել մարդկանց դեմքին», «չի՛ կարելի ասել «սաղին շինելու ենք», «չի՛ կարելի լեզու կտրելու սպառնալիք հնչեցնել»: Ամեն մի խուլիգանություն եւ լկտիություն հնարավոր չէ նախատեսել օրենքով: Խոսքը, հետեւաբար, այն մասին է, որ մարդկանց, եւ հատկապես պաշտոնյաների վարքը պետք է սահմանափակվի հասարակության թելադրած էթիկական նորմերով: Իսկ եթե նման թելադրանք չկա՞: Դուք տեսնո՞ւմ եք այդօրինակ վարքի հանդեպ հասարակական համընդհանուր անհանդուրժողականություն: Ես, օրինակ, չեմ տեսնում: 

Ես, հակառակը՝ տեսնում եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասին դա դուր է գալիս: Որ դա ոչ միայն չի վարկաբեկում իշխանությանը, ինչպես կարծում է առաջին նախագահը, այլեւ բարձրացնում է դրա վարկանիշը: Որ հիմնական արձագանքն է՝ «Վայ, ապրես դու, մեռնեմ դուխիդ, դրանց հասնում է: Բա լա՞վ էր, 30 տարի երկիր էին թալանում»:

Ինչի՞ց եմ ես ենթադրում, որ ներկայիս իշխանությունների վարքը մեր քաղաքացիների մեծամասնությունը ողջունելի է համարում: Նրանից, որ պատերազմում պարտվելով եւ արտաքին քաղաքականությունը ձախողելով, նրանք շարունակում են մեզ իշխել: 2021 թվականի հունիսին արդեն միանգամայն պարզ էր, թե ում հետ գործ ունենք, բայց 680 հազար մարդ նրանց ձայն տվեց: Եվ ամբարտավան վարքը ոչ միայն չի խանգարում, այլեւ օգնում է նրանց:

Ամեն ինչ օրինաչափ է: Խուլիգաններն ընտրում են խուլիգաններին, տգետները՝ տգետներին, լկտիները՝ լկտիներին, զազրախոսները՝ զազրախոսներին: Առկա է իշխանության եւ «ժողովրդի» կատարյալ ներդաշնակություն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր