211652_close_icon
views-count1864 դիտում article-date 15:49 31-03-2023

6 դատապարտյալ կներկայացնի Հայաստանը դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը

Սույն թվականի մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է միջհիմնարկային շախմատային մրցաշար տարբեր քրեակատարողական հիմնարկների լավագույն դատապարտյալների միջև:

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ մրցաշարի նպատակն էր ձևավորել Հայաստանի շախմատի դատապարտյալների հավաքականը՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենան աշնանը:

Խաղի ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, նրա առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և այլք:

Մինչ խաղի մեկնարկը՝ Սերգեյ Ատոմյանը հաջողություն է մաղթել մասնակիցներին՝ ընդգծելով շախմատի դերն ու նշանակությունն անհատի ձևավորման, կայացման ու հավասարակշռված դառնալու գործընթացում:

Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ-ի կողմից շնորհակալագրեր է հանձնել Սերգեյ Ատոմյանին, Ամբակում Գրիգորյանին և Ծառայության կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչներին՝ 2022 թվականի՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպման գործում աջակցության և մեծ ներդրման համար, իսկ առաջնությանը մասնակցած դատապարտյալներին տվել է հավաստագրեր:

Միջհիմնարկային մրցաշարի արդյունքում լավագույնս հանդես են եկել դատապարտյալներ Հ․ Աբաջյանը՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկից, Ա․ Գորոյանը, Գ․ Դավեյանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից և Ռ․ Սարգսյանը, Կ․ Բերբերյանը, Մ․ Սարգսյանը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:

Նշված 6 դատապարտյալները կներկայացնեն Հայաստանը դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը:

Նմանատիպ նյութեր