211652_close_icon
views-count121084 դիտում article-date 15:06 10-03-2023

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել, գլխիվայր հայտնվել է գետում․ կա 1 զոհ, 24 վիրավոր, այդ թվում՝ ուսուցիչներ և աշակերտներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կապան-Առաջաձոր  ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։

Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։ Վերջիններիս թիվը պարզվում է։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատվրոեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր է ժամանել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ում հանձնարարականով էլ՝ իր տեղակալ Նարե Ղազարյանը աշխատանքները ղեկավարում է Կապանի բժշկական կենտրոնում։

Նշված  կենտրոնի բժիշկները նույնպես գործել են օպերատիվ։ 

Ժամանել են նաև Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբն ու Կապանի հիվանդանոցի շտապօգնության բրիգադները։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով մոտ 15-ից ավելի վիրավորների դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ 

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 ուսուցչուհի մահացել է, և կա 24 վիրավոր։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր