211652_close_icon
views-count2038 դիտում article-date 11:15 16-02-2023

«Զորամասում ընդհանրապես զինվորական կարգուկանոն չի եղել». ինչ ցուցմունք է տվել հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված15 զինվորի մահվան գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանից։

Սարգսյանն ասաց, որ կապիտանն այլ դիրքորոշում չի հայտնել, հաշվի առնելով այն, որ փորձաքննությունների եզրակացությունները եւ փաստական տվյալները առայժմ հայտնի չեն:

Փաստաբանը նշեց, որ կապիտանի հարցաքննությունը կիսատ է մնացել, քանի որ նրա ինքնազգացողությունը պարբերաբար վատացել է:

Հարցին՝ ինչո՞ւ էր կապիտանը հրդեհի օրը կացարան այցելել, Հովսեփ Սարգսյանն ասաց.

«Նա չպետք է կացարանում լիներ: Զորամասում ընդհանրապես զինվորական կարգուկանոն չի եղել: Դա եղել է իր զինծառայող ընկերների խնդրանքը: Զորամասում չկանոնակարգված իրադրություն է եղել»:

Նշենք, որ հրդեհի հետեւանքով կապիտանը այրվածքներ էր ստացել։ Նա շարունակում է բուժումը Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ երկու օր առաջ վիրահատվել էր։ Կատարվել է դեմքի եւ դաստակների մաշկի փոխպատվաստում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող շինություններից մեկում։ 

Օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ովքեր զինծառայողների ու քաղաքացիների հետ մի քանի ժամ պայքարել են կրակի տարածման դեմ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Տեղում են նաև մարզի դատախազության ներկայացուցիչները։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հրդեհի հետևանքով կա մոտ 15 զոհ, և մի քանի վիրավորներ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Տեղում են նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչեր, գլխավոր շտաբից, ռազմական ոստիկանությունից։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները և Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչներն ու փորձաքրեագետները։

Իրավապահները պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քիչ առաջ հայտնի դարձավ ողբերգական հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների ինքնությունը․

Մանուկյան Արամ Արսենի 
Ներսիսյան Վոլոդյա Մհերի 
Մարտիրոսյան Գոռ Դավիթի 
Ասրյան Ռոստոմ Արտակի 
Ղամբարյան Մուշեղ Վահագնի 
Ղարիբյան Տարոն Սեդրակի 
Աբաջյան Պավլիկ Վարդունի 
Սարգսյան Դավիթ Նորայրի 
Գրիգորյան Հրաչյա Կարենի 
Ավագյան Նարեկ Ռոբերտի 
Բարսեղյան Գագիկ Արմանի 
Դումիկյան Միշա Կարենի 
Կիրակոսյան Հայկ Գաբրիելի 
Կևորկով Սերգեյ Կարենի 
Դավթյան Համլետ Սպարտակի

Lուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր